Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ պայքարը խայտառակ կերպով ձախողված է, բայց Փաշինյանը հրաժարական տվողը չէ

Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողված է, տապալված է խայտառակ կերպով և այնպիսի մասշտաբով, որն արդեն սպառնալիք է մեր երկրի ազգային անվտանգության համար: Մեր երկրում նոր կորոնավիրուսի, վարակի հետագա տարածման դեմ պայքարի ձախողված լինելը, ըստ էության, խոստովանել է նաև ինքը` ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը:

«Եկեք չտարբերակենք, և՛ քաղաքացիները, և՛ կառավարությունը չեն պահպանել հակահամաճարակային կանոնները»,- հունիսի 12-ին «Ազգային ժողով» կոչվածի հատուկ նիստի ընթացքում խոստովանել է հենց ինքը` Փաշինյանը:

Կառավարության անդամների կամ ՀՀ իշխանական վերնախավի կողմից հակահամաճարակային կանոնները չպահպանելու շարքից հիշենք Արցախում Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և այլոց մասնակցությամբ հայտնի կերուխումն առանց սոցիալական հեռավորությունը պահպանելու: Հիշենք նաև Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանյաց հանդեսի հետ կապված պատմությունը, որին, ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների համաձայն, մասնակցել են նաև ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը (համարվում է, որ դա պատճառ հանդիսացավ նրանց բոլորի պաշտոնանկության):

Ի վերջո, հիշենք նաև հենց Փաշինյանի հայտնած տեղեկությունը նոր կորոնավիրուսով իր և իր ընտանիքի անդամների վարակվելու վերաբերյալ, նրա խոստովանությունը, որ ինքն էլ պատշաճ չի պահպանել հակահամաճարակային կանոնները, ինչի հետևանքով վարակվել է: Փաշինյանը ԱԺ նույն նիստի ընթացքում խոսելով հակահամաճարակային շարժում սկսելու անհրաժեշտության մասին, առաջարկելով, որ այդ պահից սկսած, բոլորս պահպանենք հակահամաճարակային կանոնները, ասաց բառացիորեն հետևյալը.

«Ես ինքս այս ամբիոնից պարտավորվում եմ անձամբ, ճշգրտորեն, անվերապահ ճշգրտությամբ պահպանել հաստատված բոլոր կանոններն առանց բացառության, և կոչ եմ անում նաև Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին հետևել այս օրինակին»:

Կրկնում ենք` ԱԺ վերոնշյալ հատուկ նիստը հունիսի 12-ին էր, դրանից ընդամենը 2 օր հետո` հունիսի 14-ին, Երևանի կենտրոնում, Նալբանդյան փողոցում գտնվող ԱԱԾ շենքի դիմաց և հարակից տարածքներում ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների հարյուրավոր աշխատակիցներ, իրենց ղեկավարների հետ միասին, թքեցին անվերապահ ճշգրտությամբ հաստատված բոլոր կանոնները պահպանելու վերաբերյալ բոլորիս ուղղված Փաշինյանի կոչի վրա` հանրության աչքերի առջև չպահպանելով սահմանված սոցիալական հեռավորությունը, միաժամանակ, որքան էլ զավեշտական կամ անհեթեթ է, նույնը պահանջելով Գագիկ Ծառուկյանին առնչվող իրադարձությունների առնչությամբ բողոքի միջոցառման մասնակիցներից և միջոցառումը լուսաբանող լրագրողներից

Երբ իրավակարգի պահապաններն իրենք չեն հետևում սահմանված կարգուկանոնին, երկրի ղեկավարի կոչին, շարքային քաղաքացիներից քանի՞սը կհետևեն այդ նույն կոչին… Մի՞ թե սա Փաշինյանին բացատրելու կարիք կա, կամ այնքան բարդ է, որ Փաշինյանն ինքնուրույն չի կարող հասկանալ… Ոմանք գուցե պատճառաբանեն, թե ոստիկանները հարկադրված էին խախտել սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջը, բայց այդ դեպքում նկատի ունենանք, որ բողոքի միջոցառման մասնակիցներն էլ նույնը կարող են պատճառաբանել:

Այն, որ Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողված է, փաստվում է հենց Փաշինյանի նաև այլ հայտարարություններով.

«Արդեն քայլում ենք դժոխքի միջով,- հունիսի 6-ին պարետատան նիստից հետո հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:- Սրա լուծումը, գոնե միջնաժամկետ, կարող է լինել միայն մի բան, երբ իսկապես համընդհանուր հակահամաճարակային շարժում սկսվի Հայաստանի Հանրապետությունում, և մեզնից յուրաքանչյուրն առաջնորդվի այն կանխավարկածով, որ այդ հիվանդանոցային տեղերի բացակայության և սակավության պատճառով կարող է մահանալ ինքը, իր հարազատը»:

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողն իր նույն ելույթում ասել է նաև.

«Դառնությամբ եմ ասում, որ, այսօրվա դրությամբ, հանրապետությունում շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի կա, ով սպասում է հոսպիտալիզացիայի ենթարկվելու իր հերթին, այսինքն` մեր առողջապահական համակարգը այսօր արդեն այնքան ծանրաբեռնված է աշխատում, որ հոսպիտալիզացիայի ենթակա հիվանդներին չենք հասցնում տեղավորել հիվանդանոցներում: Ասեմ ավելին, որ մենք արդեն ունենք դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից… Նաև ուզում եմ արձանագրել, որ երկու մահվան դեպք ենք ունեցել, երբ պացիենտը պետք է լիներ վերակենդանացման բաժանմունքում, բայց ինքը գտնվել է ընդհանուր բաժանմունքում՝ վերակենդանացման բաժանմունքում տեղ չլինելու պատճառով»:

Դրանից մեկ օր առաջ` հունիսի 5-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում Փաշինյանը խոստովանել էր, որ վիճակը շարունակում է մնալ բավականին ծանր և առայժմ դեռ ծանրանում է:

Առաջացած ծանրաբեռնվածության տակ ՀՀ առողջապահական համակարգի ճկռելու մասին ավելի վաղ հայտարարած Փաշինյանը հունիսի 13-ին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում ասել է բառացիորեն հետևյալը. «Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն, և ուզում եմ ասել, որ երեկ մենք ունեցել ենք նոր ռեկորդ, այն է` 723 նոր դեպք ենք արձանագրել, մահերի թիվը` 6, բուժվածների թիվը` 442: Եվ ես պիտի անկեղծ ասեմ, որ դառնացած եմ, ինչո՞ւ… Ոչ միայն այս թվերի հետ կապված, այլև այսօր աշխատանքի եկել եմ Սևանից, և մեքենայի պատուհանից, նույնիսկ մեքենայի պատուհանից երևում ա, որ մարդիկ շարունակում են համատարած չպահպանել հակահամաճարակային կանոնները, նու, ամենաբացահայտը դիմակի կրումն ա»:

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի այս խոսքերն էլ փաստորեն որևէ ազդեցություն չունեցան ՀՀ հպարտ քաղաքացիների վրա, դրա ապացույցներից մեկն էլ այսօր` հունիսի 15-ին, իր ֆեյսբուքյան էջում Փաշինյանի հրապարակած լուսանկարն է` կից գրությամբ.

«Այս լուսանկարն արվել է երեկ Հաղարծինում: Այնպիսի տպավորություն է, կարծես երկրում կորոնավիրուս չկա»:

Հատկանշական է, որ լուսանկարում պատկերված տարբեր տարիքի մարդիկ լինելով առանց շնչադիմակների, միաժամանակ չեն պահպանել նաև սոցիալական հեռավորությունը: Այո, իսկապես այն տպավորությունն է, թե երկրում կարծես կորոնավիրուս չկա, մնում է միայն ավելացնել, որ սա բոլորիս դեպի աղետ տանող ամենաուղիղ ճանապարհն է:

Մեր հասարակությունը, նրա անդամների թերևս մեծամասնությունը, անշուշտ, մեղքի իր բաժինն ունի ստեղծված իրավիճակի համար, բայց առաջին և հիմնական մեղավորը Փաշինյանն է իր ղեկավարած իշխանությամբ: Հասարակությանն ապակողմնորոշող հենց նրանց հայտնի հայտարարությունները, նոր կորոնավիրուսի առնչությամբ նրանց վարած խայտառակ քաղաքականությունը, անթույլատրելի գործողությունները և այլոց համար օրինակ հանդիսացող վարքը, ինչպես նաև հանցավոր անգործությունը պատճառ հանդիսացան, որ այսօր բազմահազար մարդիկ չեն հավատում ոչ նոր կորոնավիրուսի վտանգավորությանը, անգամ` գոյությանը, ոչ նոր կորոնավիրուսի, վարակի հետագա տարածման դեմ իշխանությունների պայքարի լրջությանը, ոչ էլ հակահամաճարակային կանոնները պահպանելու անհրաժեշտությանը կամ արդյունավետությանը: Եթե սրան գումարենք նաև այդ կանոնները պահպանելու անհրաժեշտությունը գիտակցողներից մի մասի համար շնչադիմակներ, ալկոգել ձեռք բերելու հետ կապված ֆինանսական օբյեկտիվ դժվարությունները, ապա, կարծում ենք, պատկերը կամբողջանա:

Վերոնշյալ իրավիճակը հնարավորինս շտկելու, թույլ տված սխալներն ուղղելու փոխարեն, Փաշինյանն առկա իրավիճակի համար փորձում է գրեթե ամբողջապես ժողովրդին մեղադրել, նաև` ընդդիմությանը, հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար նաև` կառավարությանը, թերևս բոլորին, բացի իրենից, մոռանալով, որ կառավարությունն իր կազմած, ձևավորած կառավարությունն է:

Փոխանակ իր «Կորոնավիրուսն ում շունն ա…» հասարակությանն ապակողմնորոշող հայտարարության համար նույն հասարակությունից ներողություն խնդրելու, Փաշինյանը փորձեց «կրուտիտ» անել, թե չի հիշում, որ նման հայտարարություն է արել (դրանից անմիջապես հետո համացանցում հրապարակվեց նրա այդ հայտարարությունը ներկայացնող տեսանյութը):

Փոխանակ գործնականում այն լուրերի դեմն առնելու, թե նոր կորոնավիրուս գոյություն չունի, կամ կա, բայց վտանգավոր չէ, գրիպի պես մի բան է կամ գրիպն ավելի վտանգավոր է, որ հիվանդների ու մահացածների վերաբերյալ հրապարակվող Հայաստանի և աշխարհի թվերը մեծ չափով ուռճացված են և այլն, Փաշինյանն առայժմ խոսել է միայն այդպիսի կեղծ տեղեկություններ տարածողներին տեղորոշելու անհրաժեշտության մասին:

Փոխանակ խոստովանելու, որ նոր կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանը պարտվել է և իրականության ճիշտ գնահատումից բխող համապատասխան քայլեր կատարելու, Փաշինյանը հունիսի 11-ին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ստելով, հայտարարել է հետևյալը.

«Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքան, որքան պարտվել է աշխարհը, որքան պարտվել են, ասենք, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Շվեդիան, Գերմանիան և աշխարհի բազմաթիվ զարգացած և գերզարգացած երկրներ: Եթե Հայաստանի կառավարությունը պարտվել է կորոնավիրուսի դեմ պայքարում, ուրեմն կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է մարդկությունն ընդհանրապես, քաղաքակրթությունն ընդհանրապես:

Արդյոք Հայաստանի Հանրապետությունն այսօր ունի՞ պրոբլեմներ կորոնավիրուսի դեմ պայքարում… Այո, ունի պրոբլեմներ, ինչքան ունեն աշխարհի իմ նշած բազմաթիվ երկրներ, ճիշտ նույնքան պրոբլեմներ, ինչքան ամբողջ մարդկությունը ունի այսօր կորոնավիրուսի դեմ պայքարում»:

ՀՀ գերագույն գլխավոր ստախոսը դարձյալ ստում է` հայտարարելով, որ «Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքան, որքան պարտվել է աշխարհը, որքան պարտվել են, ասենք, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Շվեդիան, Գերմանիան և աշխարհի բազմաթիվ զարգացած և գերզարգացած երկրներ», ստո՛ւմ է, թե Հայաստանն ունի պրոբլեմներ, ինչքան ունեն աշխարհի իր նշած բազմաթիվ երկրներ, ճիշտ նույնքան պրոբլեմներ, ինչքան ամբողջ մարդկությունն ունի այսօր կորոնավիրուսի դեմ պայքարում: Նրա այս ստերը փաստերով ու թվերով կներկայացնենք մեր առաջիկա հրապարակումներից մեկով, այժմ պարզապես նշենք, որ Փաշինյանը պարզապես հաշվի չի առնում, թե նշված երկրների բնակչության թվաքանակի հաշվառմամբ, քանի հարյուր մարդուն է մեկ հիվանդ բաժին ընկնում, Հայաստանում` քանի:

Արթուր Հովհաննիսյան