Ազգային ժողովի մոտից բերման ենթարկվեցին չորս քաղաքացիներ, այդ թվում Ռուբեն Մելիքյանը
Այսօր Ազգային ժողովի դիմաց քաղաքացիներն ակցիա էին իրականացնում՝ ընդդեմ հերթական անգամ երկարաձգված արտակարգ դրության ժամանակ հավաքների ազատության սահմանափակման:
Ոստիկանները մի քանի անգամ հորդորելուց հետո, որ դադարեցնեն հավաքը, ակցիայի մասնակից 4 քաղաքացիների բերման ենթարկեցին՝ Ռուբեն Մելիքյանին, Ռոբերտ Հայրապետյանին, Աշոտ Համբարձումյանին, Արմեն Գալստյանին:
Տարածքում ներկա քաղաքացիները և տեղում դիտորդություն անող Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը պնդում էին, որ ոստիկանների պահանջն անօրինական էր, և քաղաքացիները ձերբակալվեցին ոստիկանների անօրինական պահանջը չկատարելու համար:
Ոստիկանների խոսքով՝ քաղաքացիները վարչական իրավախախտում են իրականացրել՝ հավաք իրականացնելով, մինչդեռ թե լրագրողները, թե իրավապաշտպանը և թե տեղում ներկա քաղաքացիները պնդում էին, որ քաղաքացիները միայնակ ակցիա են իրականացրել, և որևէ հավաք չի եղել: