Ամենամեծ մարտահրավերը ճիշտ հաշվարկն է՝ ինչպես ապահովվել մեր ազգային շահն առանց խոցելիության և հանուն մեր անվտանգության. Զոհրաբ Մնացականյան

Մեր քաղաքականության հիմքում դրված է ինքնիշխանության սկզբունքի իրականացումը: Մենք շատ մեծ պատասխանատվություն ունենք, մեր անվտանգությունը պահելու առումով. ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովների նիստում նշեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ընդգծելով, որ պետք է պահպանել հավասարակշռությունը և ճիշտ հաշվարկով կառուցել այնպիսի քաղաքականություն, որպեսզի մեր ազգային շահը վնաս չկրի:

«Հաշվի առնելով ինքնիշխանության սկզբունքը՝ նշանակում է Հայաստանի շահերի ճիշտ ձևակերպում, գնահատում և դրա տեղայնացումը բոլոր ուղղություններով: Ամենամեծ մարտահրավերը ճիշտ հաշվարկն է՝ ինչպես ապահովվել մեր ազգային շահն առանց խոցելիության և հանուն մեր անվտանգության: Սա հետևողական աշխատանք է և չի վերաբերում միայն դեսպանին, այլ վերաբերում է ամբողջ ծառայությանը: Կառավարությունը ձևավորել է մեր գերակայություների շրջանակը, ունեցել ենք դեբատներ կառավարությունում և ձևավորել ենք մեր քաղաքականությունը»:

Նախարարի խոսքով՝ հիմա ծավալուն քննարկվում են Հայաստանի քաղաքականության որոշ ուղղություններով:

«Հիմնական ուղղությունները վերաբերում է Ռուսաստանի հետ՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում, նաև Եվրամիության ծավալուն համագործակցության անդամ-պետությունների ու ԱՄՆ-ի հետ, քննարկվում են ռազմավարական ուղղությունները Վրաստանի և Իրանի հետ: Կա քաղաքականության բավական դինամիկ զարգացում Մերձավոր Արևելքում, որտեղ ունենք արտահայտված շահեր: Հիմա մամուլում շրջանառվում է օրակարգային հարցը, որն ի հայտ է բերում ընտրությունը: Սա բարդ բալանս է, բայց մեկ գործընկերոջ հետ հարաբերությունների զարգացումը մյուս գործընկերոջ հաշվին՝ չի բխում Հայաստանի շահերից»,-նշեց Մնացականյանը: