Առաջիկայում ամեն ինչ անելու եմ, որ ունենանք սեփական ավիացիա. Սուրեն Պապիկյան

ԱԺ-ում ընթանում է Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Օրակարգում 2019 թ. բյուջեի կատարման վերաբերյալ հարցն է, զեկուցողը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն է:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նրանից հետաքրքրվեց, թե գո՞հ է արդյոք Քաղավիացիայի կոմիտեի աշխատանքներից: Սուրեն Պապիկյանը ասաց, որ 2019 թվականը նրանով էր աննախադեպ ավիացիայի համար, որ հնարավորություն ունեցանք եվրոպական մի քանի ավիաընկերությունների մուտքը ապահովել ՀՀ և ՀՀ քաղաքացիների համար մատչելի ուղեվարձով տոմսեր ապահովել: «Այն հարցերը, որոնք ուղղել եք վերջին իրադարձությունների հետ կապված, գիտեք պատասխանը․ այսօր արձանագրված խնդիրները մեկ օրում չէ, որ տեղի են ունեցել և 2019 թվականի արգասիքը չեն: Իհարկե, այս առումով մտահոգություն կա, եթե հնարավոր լիներ դա որևէ կերպ անել այնպես, որ տեղի չունենար, ցանկալի կլիներ, բայց ունենք այն, ինչ ունենք: Մենք շարունակում ենք լինել ՀՀ բոլոր ղեկավարների իրավահաջորդը և մեր երկրում տեղի ուենցած ցանկացած թերության պատասխանատուն դառնում ենք նաև մենք»,-ասաց նա, հավելելով, որ իրենց առաջ խնդիր է դրված ամուր հիմքերի վրա դնել ավիացիան: «Ունենալու ենք տեղական փոխադրող, խոսքը վերաբերում է ՀՀ տեղական ավիացիային, ես դրա ջատագովն եմ և առաջիկայում ամեն ինչ անելու եմ, որ ունենանք սեփական ավիացիա, բայց խոսքը վերաբերում է ՀՀ իրական ավիափոխադրողներին, ոչ թե վիրտուալ, ձևական, Հայաստանում գրանցած և արհեստական ձևավորված միավորումներին»,-ասաց նա և նշեց, որ դրանում հետևողական են լինելու և առկա խնդիրները հաղթահարելու են:

Գևորգ Գորգիսյանն արձագանքեց, որ եկել են եվրոպական ցածր գնով ընկերությունները, բայց դրանց գալու ընթացքում նաև այսօր կամ վաղը ստեղծվելիք տեղական ավիաընկերությունները եվրոպական երկրներ մեկնելու հնարավորություն այլևս չեն ունենալու: «Սա լուրջ խոչընդոտ է լինելու տեղական արտադրություն ստեղծելու համար, ի վերջո ինչ-որ մեկը պատասխան է տալու»,-ասաց նա:
Սուրեն Պապիկյանը նկատեց, որ տեղական ավիացիա ձևավորելը մեկ կամ երկու օրում չի լինելու: «Այսինքն եթե պատրաստակամությունը լինի նաև պետական նախաձեռնողականությանը զուգընթաց, բնականաբար երկու տարում առկա խոչընդոտը վերացրած կլինենք: Իհարկե, մեղավորներ փնտրել միշտ էլ կարելի է, թե գնալ հասնել մինչև 90-ական, 2000-ական թվականներ: Բայց խնդիրն է՝ գիտակցել, թե ինչ իրավիճակում ենք, և առաջարկություն ներկայացնել, թե ինչպես ենք պատկերացնում ավիացիայի հետագա զարգացումը»,-ասաց նախարարը և նշեց, որ Քաղավիացիայի պետական կոմիտեն աշխատանքային փաթեթ ունի, որտեղ ցույց է տալիս՝ ինչպես հաղթահարել խոչընդոտը:

Հիշեցնենք, որ ԵՄ-ը ավիաընկերությունների ցանկ էր հրապարակել, որոնց որոշակի վերապահումներով արգելվում է չվերթներ իրականացնել ԵՄ տարածքում: Անվտանգության համապատասխան կանոնների չապահովման պատճառով ԵՄ տարածքում թռիչքներ իրականացնելու արգելքի տակ են հայտնվել նաև Հայաստանի իշխանությունների կողմից լիազորված բոլոր ավիաընկերությունները։