Վրաստանում համավարակի շրջանում հարսանիքների և այլ զանգվածային միջոցառումների անցկացման համար կսահմանվի 2000-10 000 լարի տուգանք

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար Անրի Օհանաշվիլին տեղեկացրել է, որ երկրում կորոնավիրուսի համավարակի շրջանում հարսանիք, ծննդյան արարողություն, հոգեհանգիստ, հոգեհաց և այլ զանգվածային միջոցառումների անցկացումը կհանգեցնի ֆիզիկական անձի տուգանմանը 2000 լարիով (շուրջ 320 000 դրամ), իսկ իրավաբանական անձի դեպքում՝ 10 000 լարիով (շուրջ 1 600 000 դրամ): Այս մասին գրում է  Netgazeti.ge կայքը:

Տվյալ կարգադրությունը մեկ անգամից ավելի խախտելու դեպքում անձին սպառնում է քրեական պատասխանատվություն` տնային կալանք 6 ամսից մինչև 2 տարի կամ բանտարկություն մինչև 3 տարի ժամկետով:

Հանձնաժողովը հավանություն է տվել խորհրդարանի հերթական նիստում օրինագծի քննարկմանը:

«Զանգվածային միջոցառումներն արգելված են, և դրա խախտումը լուրջ հետևանքների կհանգեցնի»,-ասել է Օհանաշվիլին:

Վրաստանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 818 դեպք, վարակման հետևանքով մահացել է 13 մարդ: