Սևանում կասեցվել է 48 տնտեսվարողի գործունեություն՝ պարետի սահմանած կանոնները խախտելու պատճառով

Սևան քաղաքում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումների և հատուկ ռեժիմի պայմաններում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը անվտանգության կանոնների պահպանման լայնածավալ մշտադիտարկում է անցկացնում։ Այս մասին տեղեկացնում են ԱԱՏՄ-ից։

Ըստ դիտարկման արդյունքների՝ պարետի սահմանած կանոններն առավելապես խախտվել են առևտրի օբյեկտներում և հանրային սպասարկման վայրերում։

Ժամանակավոր կասեցման որոշումներ են կայացվել նաև մի շարք վարսավիրանոցների, ստոմատոլոգիական կենտրոնների և այլ ոլորտներում գործող տնտեսվարողների հանդեպ։

Մեկ օրում կասեցվել է միանգամից 48 տնտեսվարողի գործունեություն։

Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համատեքստում անվտանգության կանոնների պահպանումը կարևորագույն նշանակություն ունի։

Պարետի սահմանած կանոնները ենթակա են պարտադիր կատարման։ Խախտումների համար նախատեսված են վարչական պատասխանատվության միջոցներ։ Կրկնախախտումների դեպքում դրանք կլինեն առավել խիստ։