Թիվ 49 մանկապարտեզը, որի աշխատակիցը վարակվել է կորոնավիրուսով, մարտ ամսից ի վեր փակ է. քաղաքապետարանի խոսնակ

Թիվ 49 մանկապարտեզը, որի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, մարտ ամսից ի վեր փակ է՝ այս օրերին չի բացվել հենց վարակման դեպքի կասկածի պատճառով: Այս մասին ֆեյսբուքյան կիր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, նշելով. «Այս մանկապարտեզ երեխաներ չեն հաճախել, ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ՇՓՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ»:

Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ասել էր, որ համապատասխան աշխատանքներ են իրականացվել և պարզվել է կոնտակտավորների շրջանակը: Նրանք ինքնամեկուսացվել են:

Հակոբ Կարապետյանի խոսքով՝ մանկապարտեզն անորոշ ժամանակով փակ կմնա, մինչև բժիշկները, մասնագետները բացելը ճիշտ համարեն:

Հայաստանում մայիսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 322 նոր դեպք: Մահացել է 4 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 5928 է, մահացածների թիվը՝ 74:

Ըստ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալների՝ մեկ օրում առողջացածների թիվը 293 է, ընդհանուր առողջացածներինը՝ 2874, փաստացի բուժվողներինը՝ 2952: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 47 654 քաղաքացի:

Կորոնավիրուսով վարակված ևս 1 քաղաքացի մահացել է այլ հիվանդության պատճառով. մայիսի 22-ի դրությամբ գրանցված նման դեպքերի թիվը 28 է: