ԱՄՆ-ը քննարկում է նավթային պատերազմում հնարավոր պարտությունը

Ապրիլի 20-ին համաշխարհային լրատվամիջոցները հաղորդել են ամերիկյան նավթի գների կտրուկ անկման մասին: Եվ արդեն ապրիլի 21-ին նավթի շուկայի փորձագետ Բարանի Քրիշնանը Investing.com պորտալի համար մեկնաբանություններում հայտարարել է անհավանականի մասին: «Թերևս ոչ ոք այնքան գոհ չէ ամերիկյան նավթի գների անկումից, որքան Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամադ իբն Սալմանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»,- վստահ է ամերիկացի վերլուծաբանը: Փորձագետի խոսքով՝ առաջիկա ամիսներին հնարավոր է ԱՄՆ-ում թերթաքարային ամբողջ նավթարդյունաբերության ոչնչացումը: Քրիշնանը նշում է, որ ամերիկյան նավթային ընկերությունների համար առավել մեծ ազդեցություն է ունենում համաշխարհային պահանջարկի իջեցման և գների անկման խնդիրը, առաջին հերթին այն պատճառով, որ «ԱՄՆ-ի պահուստներում ազատ տարածությունն ավարտվում է ավելի արագ, քան ցանկացած այլ տեղ»:

Ըստ Rystad Energy-ի գնահատականների՝ Միացյալ Նահանգները կարող է պաղեստավորել մոտ 150-200 միլիոն բարել նավթ, ընդ որում՝ Քուշինգում 90 միլիոն բարել տարողունակությամբ պահեստն արդեն իսկ լցված է ավելի քան 2/3-ով: Ռազմավարական պահուստը, ինչպես հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կարող է ևս 75 միլիոն բարել պահել: «Մինչև հունիսի սկիզբ Քուշինգի պահեստները պետք է լի լինեն, իսկ վեց-ութ շաբաթ հետո Միացյալ Նահանգները կսպառեն նաև բոլոր մյուս տարբերակները»,- ենթադրում է Քրիշնանը: Մենք չգիտենք՝ վստահել Կրիշնանի կարծիքին, թե ոչ: Չէ՞ որ նավթային հատվածի հետևում կանգնած են ԱՄՆ-ում նախագահի երկու հիմնական հավակնորդները՝ գործող նախագահ Թրամփը և նախկին փոխնախագահ Ջո Բայդենը: Մասնավորապես`թերթաքարային նավթի արդյունաբերության հետևում: Այնուամենայնիվ, չի բացառվում, որ Թրամփն ու Բայդենը պարզապես մանկլավիկներ են ԱՄՆ նավթարդյունաբերության իրական տերերի ձեռքում: «Գործոնների համադրությունը WTI-ը հարմար ձեռքբերում է դարձրել Էր-Ռիադի և Մոսկվայի համար, որոնք ձգտում են համավարակի ավարտից հետո ավելացնել շուկայի մասնաբաժինը: Ռազմավարությունը շատ պարզ է. խոստանալ Թրամփին նվազեցնել արդյունահանումը, սակայն չձեռնարկել ոչ մի գործողություն, որը նրանց կարող է շուկաների կամ հաճախորդների կորստի բերել»,- եզրափակում է վերլուծաբան Քրիշնանը:

Մենք արդեն գրել ենք, որ կորոնավիրուսի շուրջ ստեղծված դրամատիկ իրավիճակին զուգահեռ, աշխարհում ընթանում է կատաղի նավթային պատերազմ, որի արդյունքում Սաուդյան Արաբիան նախ պարտվել է Ռուսաստանին: Եվ ահա՝ Քրիշնանի տեսակետը: Մենք նաև նախազգուշացրել ենք ՀՀ քաղաքացիներին, որ մոլորակի ճակատագիրը և գերտերությունների միջև ուժերի բաշխումը մեծապես կախված կլինեն նավթային պատերազմի վերջնական արդյունքից (և ոչ թե կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարի արդյունքից), նշելով, որ մեր հարևան Իրանը, այսպես ասած, կանգնած է ԱՄՆ, Սաուդյան Արաբիա և Ռուսաստան բախման կետից վեր. Իրանը խաղում է «իր սեփական կանոններով»: Սակայն Իրանը Չինաստանի հետ նույնպես հանդիսանում է նավթային պատերազմի կուլիսային մասնակից: Այս ամենը մոտ է Անդրկովկասին, ինչը նշանակում է` նաև Հայաստանին: Հնարավոր է, որ Երևանում հասարակության բոլոր խավերը թերագնահատում են իրավիճակի լրջությունը: Բայց դա արդեն, կներեք, հայ հասարակության խնդիրն է՝ կարողանալ կամ չկարողանալ հստակորեն գնահատել իրենց երկրի անվտանգությանն ուղղված ռիսկերը… Հիշեցնեք, որ հենց թերթաքարային նավթի պատճառով էր, որ Միացյալ Նահանգների հանրապետականներն ու դեմոկրատները Ուկրաինային հրամայել են պատերազմ սկսել Դոնբասի դեմ: 2014-2015 թթ. «Սլավյանսկ» և «Կրամատորսկ» քաղաքների անունները չէին անհետանում լրատվական գործակալությունների առաջին էջերից. այնտեղ մարտեր էին մղվում: Եվ արդեն 2016-17 թվականներին այս նյութի հեղինակը տարբեր սոցիալական ցանցերում անձամբ հանդիպել է «Հայաստանը թերթաքարային նավթի և գազի մշակմանը հանձնելու» քարոզչության, այսինքն՝ ամերիկյան ձեռնարկությունների ձեռքը: Դրա հիշեցումն անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ քաղաքացիները չմտածեն, որ մեր երկրում կատարվում է ինչ-որ «զուտ մեր հայկականը», ոչ թե «ուկրաինական տարբերակի» նոր մշակում:

Հետևաբար, ճիշտ կլինի պարզել, թե ինչ է կատարվում: Արդյունահանությունը ԱՄՆ-ում, չնայած մարտ ամսվա ընթացքում նավթահորերի 35 % սառեցմանը, ապրիլի 12-19-ի տվյալների համաձայն, ռեկորդային օրական 12,3 միլիոն բարելից նվազել է ընդամենը 800 հազար բարելով: Ընդ որում՝«Vortexa» և «Kpler»  տրանսպորտային և վերլուծական ընկերությունների տեղեկություններով արդեն մայիսի վերջին Լուիզիանայի և Տեխասի նավահանգիստներ  պետք է ժամանեն 20 տանկեր Սաուդյան Արաբիայից՝ 40 միլիոն բարել նավթով: Ենթադրաբար Միացյալ Նահանգները կարող է սահմանափակող սակագներ կիրառել նավթի ներմուծման համար, բայց թագավորությունը ի վիճակի է «20 մարտագլխիկ» տեղափոխել իր սեփական գործարանները, օրինակ՝ Պորտ Արթուրում գտնվող ԱՄՆ խոշորագույն նավթավերամշակման «Motiva» գործարանը: GLOPEC-ի կամ OPEC ++-ի արտադրության համատեղ կրճատումը, որի մասին հայտարարվել է Թրամփի կողմից՝ որպես մեծ հաղթանակ, ոչ մի կերպ չի շտկելու իրավիճակը. նախ՝ օրական 9,7 միլիոն բարել կրճատումը բավարար չէ ստեղծված իրավիճակում: Երկրորդ, նույնիսկ այդ կրճատումները պետք է իրականացվեն: Եվ ի՞նչ. ԱՄՆ-ը ևս պարտվում է նավթային պատերազմում: Այդ դեպքում հավանականություն կա, որ Covid-19-ի պանդեմիան կավարտվի շատ ավելի շուտ, քան մինչև ապրիլի 21-ը կանխատեսում էին փորձագետներն ու այլ մասնագետները…

Սերգեյ Շաքարյանց