ԲՏԱ նախարարությունը համաձայնություն չի տվել «Յուքոմ»-ի կողմից «Բիլայն»-ի բաժնետոմսերը ձեռք բերելուն

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարություն է տարածել կապի և հեռահաղորդակցության ոլորտում շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ: Ներկայացնում ենք ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարությունը․

«Արտակարգ դրության պայմաններում նախարարությունը հորդորում է ՀՀ կապի և հեռահաղորդակցության օպերատորներին, ինչպես նաև նրանց աշխատակիցներին, ցուցաբերել պատասխանատվություն և առաջնորդվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքով իրենց վերապահված պարտավորություններով և Պարետի որոշումներով՝ բարձր դասելով ՀՀ կապի և հեռահաղորդակցության ծառայությունների անխափան աշխատանքը:

Ի պատասխան «Յուքոմ» ՓԲ ընկերության կողմից «Վեոն Արմենիա» ՓԲ ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման վերաբերյալ լուրերի՝ հայտնում է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջներին համապատասխան համաձայնություն չի տվել գործընթացին և հարցը գտնվում է քննարկման փուլում, իրականացվում են ուսումնասիրություններ և վերլուծություններ:

Կոչ է անում զանգվածային լրատվամիջոցներին՝ անհարկի չշահարկել ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով արտակարգ դրության պայմաններում կապի և հեռահաղորդակցության ծառայությունների անխափան աշխատանքի կարևորությունը»:

Ավելի վաղ ներկայացրել էինք լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները, թե կապի և հաղորդակցության օպերատոր «Յուքոմ» ընկերության ղեկավար անձնակազմը հրաժարական է տվել։ Հրաժարական տված անձանց թվում են Ալեքսանդր և Հայկ Եսայանները․ նրանք ընկերության հիմնադիրներից են։ Նշվում է, որ պատճառը «Յուքոմի» ղեկավարների և բաժնետերերի միջև սկիզբ առած հակասություններն են։