Այս պահին մեզ համար կորոնավիրուսն ընթանում է որպես սովորական վիրուսային հիվանդություն․ Ն․ Փաշինյան (տեսանյութ)

Կորոնավիրուսի վարակման 52 դեպքից 32-ը կապված են Էջմիածնի դեպքի հետ, 11-ը արտադրամասի հետ: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ երեկ դեպքերը շատացել են, քանի որ Առողջապահության նախարարությունը որոշել է մեկուսացված անձանց թեստ անել և այդ թեստերից յոթը հաստատվել է, նրանք ոչ մի ախտանշան չեն ունեցել: «Թոքաբորբ է տանում երկու քաղաքացի, և Առողջապահության նախարարությունը երաշխավորում է, որ այդ մարդիկ բուժվում են և բուժվելու են»,- ասաց նա:

Վարչապետը կարևորեց  յուրաքանչյուրի անհատական և սոցիալական պատասխանատվությունը: «Հիվանդանոցներում պահում ենք մարդկանց, ովքեր բուժման ոչ մի կարիք չունեն: Մենք պետք է հասկանանք, թե ինչքանով է  նպատակահարմար որևէ բուժման կարիք չունեցող մարդկանց պահել հիվանդանոցում: Այդ մարդը կարող է իր տանն ապրել, այն պայմանով, որ 14 օրվա ընթացքում այլ մարդկանց հետ շփում չունենա, կամ սահմանափակումով ունենա: Երբ այսպես ենք նայում, ապա կորոնավիրուսն իրականում այդքան էլ սարսափելի չէ, որքան ընդունված է ասել, եթե խոսքը վերաբերում է 70-ից ցածր, կամ խրոնիկական հիվանդություն չունեցող անձանց»,- ասաց նա և նշեց, որ պետք է քննարկվի կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությունը:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Ծաղկաձորում պահվող քաղաքացիները ոչ մի ախտանշան չունեն, և բացի թոքաբորբով հիվանդներից ոչ ոք բուժում չի ստանում: «Մենք պետք է կարողանանք քաղաքացիական պատասխանատվության աստիճանն այնքան բարձրացնել, որ մեզանից յուրաքանչյուրը հասկանա, որ կորոնավիրուսով կարող է վարակվել՝ ինչպես գրիպով»,- ասաց նա և նշեց, որ պետք է խրոնիկ հիվանդներին մեկուսացնել:

Նա կոչ արեց ավելի մեծ պատասխանատվություն, կարգապահություն ունենալ: «Այս պահին, փառք Աստծո, մեզ համար կորոնավիրուսն ընթանում է որպես սովորական վիրուսային հիվանդություն: Հիվանդացած և առողջացած մարդու մոտ կա առավելություն, ամենայն հավանականությամբ նա ձեռք է բերում հակամարմին և որոշ ժամանակի համար ստանում է բնական պատվաստում»,- ասաց նա:

Տեսանյութը՝

Արտակարգ դրություն. օր 1

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Вторник, 17 марта 2020 г.