Նոր կորոնավիրուսի համաճարակի բռնկումը և ամերիկյան ահռելի ֆինանսավորմամբ ստեղծված-գործող կենսալաբորատորիաները (տեսանյութ)

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռ 2018թ. հոկտեմբերի սկզբին հայտարարեց, որ ԱՄՆ-ն ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաներ ունի աշխարհում և շարունակում է մեծացնել Ռուսաստանի և Չինաստանի սահմանների մերձակայքում դրանց քանակը: Մի շարք հրապարակումների համաձայն, Պենտագոնի նման կենսալաբորատորիաներ են գործում նաև Աֆղանստանում, Իրաքում և այլ երկրներում:

«Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 4-ին մի հաղորդագրությամբ նշել է. «ԱՄՆ-ը ոչ միայն նախկին խորհրդային հանրապետություններում, այլ ամբողջ աշխարհում շարունակում է մեծացնել իր կենսաբանական լաբորատորիաների տարողությունը, դրանք արդիականացնում է և վերահսկում միկրոօրգանիզմների նմուշների ազգային հավաքածուները»:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր Վրաստանում, Ռուսաստանի հետ սահմանին մերձակա տարածքներում կենսաբանական բնագավառում ԱՄՆ-ի ծավալած ռազմական գործունեության մասին: Ռուսաստանի կառավարության գնահատումների համաձայն, ԱՄՆ-ն կենսաբանական փորձարկումներ է իրականացնում Վրաստանում:

Վրաստանի անվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեն 2018թ. սեպտեմբերի կեսերին Մոսկվա կատարած ուղևորության ընթացքում ասել էր. «Փաստեր կան այն մասին, որ Վրաստանում գտնվող լաբորատորիաներում ԱՄՆ-ն մարդկանց վրա գաղտնի փորձարկումներ է իրականացնում»:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության 2018թ. հոկտեմբերի 4-ի հաղորդագրության մեջ նշված է, որ կենսաբանական փորձարկումների փաստը արձանագրված է նաև ՄԱԿ-ի պաշտոնական զեկույցներում: Չինաստանում նոր կորոնավիրուսի համաճարակի բռնկումը, որը վերածվում կամ արդեն վերածվել է պանդեմիայի (համաշխարհային համաճարակի), մեզ դրդեց հիշել 2 տարի առաջ հրապարակված այս տեղեկությունները` չնայած նրան, որ ԱՄՆ-ի իշխանություններն օրերս, ինչպես տեղեկացրել ենք այս թեմայով մեր նախորդ հրապարակմամբ, հայտարարել են, թե սոցիալական ցանցերում Ռուսաստանի հետ կապված հազարավոր հաշիվներ չինական կորոնավիրուսի վերաբերյալ տագնապալի ու կեղծ հաղորդագրություններ են տարածում: Սոցիալական ցանցերում Ռուսաստանի հետ կապված հազարավոր հաշիվնե՞ր… Եվս մեկ հիշեցում.

Դեռ 2018թ. հոկտեմբերի 5-ին բրիտանական «Ինդիփենդենթ»  օրաթերթը բացահայտել է կենսաբանական նոր զենքեր արտադրելու ԱՄՆ-ի բանակի ծրագիրը. «Գիտնականները զգուշացրել են, որ միջատների օգնությամբ վիրուսների տարածման ԱՄՆ-ի բանակի ծրագիրը կարող է հանգեցնել միկրոկենսաբանական զենքերի նոր տեսակի արտադրության»:

«ԱՄՆ-ի բանակի այս նախագծի բացահայտմամբ հնարավոր է, որ աշխարհի այլ երկրներն էլ, որպես վիրուսային հարձակումների դիմաց կանխարգելիչ միջոց, նման քայլեր ձեռնարկեն»,- հավելել է «Ինդիփենդենթը»:

Օրաթերթը գրել է, որ այս մրցակցությունը բարձրացնելու է աշխարհի տարբեր կետերում կենսաբանական պատերազմի ծագման հավանականությունը:

Հիշենք, որ ԱՄՆ-ի մի քանի միլիոն դոլարի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել ու, թերևս, այժմ էլ ֆինանսավորում են մի շարք կենսալաբորատորիաներ Հայաստանի տարածքում: Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսի, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության` Պենտագոնի Պաշտպանական վտանգների նվազեցման գործակալության ներկայացուցիչ Լանս Բրուքսի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի մասնակցությամբ 2016թ. ապրիլի 6-ին Իջևանում բացվել է ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Տավուշի մարզի տարածաշրջանային լաբորատորիան:

Բացված լաբորատորիան հիմնանորոգվել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության Պաշտպանական վտանգների նվազեցման գործակալության կողմից Հայաստանում իրականացվող «Կենսաբանության ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի» (ԿՈՆՀԾ) շրջանակներում: Հայաստանում ԱՄՆ-ի այն ժամանակվա դեսպան Ռիչարդ Միլսն ընդգծել է, որ այդ ծրագիրը` ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ, Հայաստանում ԱՄՆ-ի կառավարության կողմից իրականացվող ամենամեծ ծրագրերից մեկն է։

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության Վտանգների նվազեցման գործակալության աջակցությամբ ևս մեկ լաբորատորիա 2016թ. հուլիսի 13-ին բացվել է Երևանի Ավան վարչական շրջանում: Այդ ռեֆերենս լաբորատորիայի բացմանը ներկա է եղել նաև վերոհիշյալ գործակալության համատեղ սպառնալիքների ծրագրի տնօրեն Էլիզաբեթ Ջորջը։

Դոկտոր էլիզաբեթ Ջորջի խոսքերով, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ներկայիս սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի) հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս լաբորատորիայի հիմնովին կառուցման համար ԱՄՆ-ի կառավարությունը ներդրել է 4,1 մլն դոլար, իսկ ՀՀ առողջապահության նախարարության  հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ռեֆերենս լաբորատորիայի հիմնանորոգման համար` 9,8 մլն դոլար։ Լրացուցիչ 1,7 մլն դոլար տրամադրվել է կահույք և նոր սարքավորումներ գնելու համար։

Հաջորդ օրը` հուլիսի 14-ին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ՀՀ առողջապահության նախարարի, Պենտագոնի Վտանգների նվազեցման գործակալության տնօրեն Էլիզաբեթ Ջորջի, քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շիրակի տարածաշրջանային լաբորատորիայի բացման արարողությունը։ Նշված լաբորատորիայի վերանորոգման համար Միացյալ Նահանգների կառավարությունը ներդրել է 2,7 մլն դոլար, մոտ 340 000 դոլար ներդրվել էլ կահույքի և սարքավորումների ձեռքբերման համար։ Հետագայում ավարտին է հասցվել առնվազն երեք լաբորատորիաների կառուցումը Սյունիքի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում:

Պատասխանելով տողերիս հեղինակի հարցին, թե Պենտագոնի Պաշտպանական վտանգների նվազեցման գործակալությունն իրենից ի՞նչ է ներկայացնում, և նրա գործունեությունն ինչո՞ւ է մտահոգության տեղիք տվել, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանն ասաց.

«Պենտագոնի այդ գործակալությունը ստեղծվել է 1998թ. հոկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության վերակազմավորման և նախկինում գործող Հատուկ զինատեսակների գործակալության  (Defense Special Weapons Agency), Տեղում ստուգումների գործակալության (On-Site Inspection Agency), Տեխնոլոգիական անվտանգության բաժնի (Defense Technology Security Administration), ինչպես նաև Սպառնալիքի համատեղ նվազեցման ծրագրի (Cooperative Threat Reduction․ Նաննա-Լուգարի ծրագիր) միավորման արդյունքում։ Պաշտպանական վտանգների նվազեցման գործակալությունը պատասխանատու է զանգվածային ոչնչացման զենքի կիրառման սպառնալիքին դիմակայելու համար, այդ թվում նաև` ԱՄՆ-ի և իր դաշնակիցների նկատմամբ այդ զենքի կիրառման դեպքում պաշտպանական միջոցների ստեղծման։ Դեռ 2007թ. գործակալության անձնակազմը կազմված էր 1955 զինվորական և քաղաքացիական աշխատակիցներից, իսկ նրա բյուջեն կազմում էր 2,68 մլրդ դոլար։

Այն հանգամանքը, որ Հայաստանում հիշյալ լաբորատորիաները հիմնանորոգվել, բացվել են ԱՄՆ պաշտպանական գերատեսչության Պաշտպանական վտանգների նվազեցման գործակալության ֆինանսավորմամբ ու ջանքերով, ինչպես նաև այն փաստը, որ այդ լաբորատորիաների բացման գործում գործակալության դերակատարությունն ակնհայտորեն դուրս է այն չորս հիմնական ուղղություններից, որոնցով գործակալությունն իրականացնում է իր աշխատանքները, բնականաբար, տեղիք են տալիս կասկածների ու մտահոգությունների:

Հարկ է նկատի ունենալ նաև այն, որ Պաշտպանական վտանգների նվազեցման գործակալության աջակցությամբ բազմաթիվ կենսաբանական լաբորատորիաներ են կառուցվել, հիմնանորոգվել նաև նախկին ԽՍՀՄ մի շարք հանրապետությունների տարածքներում։ Մասնավորապես` ԱՄՆ-ի կառավարության և Ուկրաինայի առողջապահության նախարարության միջև 2005թ. կնքված համաձայնագրի արդյունքում Ուկրաինայում բացվել են լաբորատորիաներ չափազանց վտանգավոր վարակների ուսումնասիրության նպատակով։ Լաբորատորիաները բացվել են Խարկով, Խերսոն, Ուժգորոդ, Տերնոպոլ, Վինիցա, Լուգանսկ, Դնեպրոպետրովսկ, Լվով, Օդեսա քաղաքներում և մայրքաղաք Կիևում։ Լաբորատորիաների կեսից ավելին բացվել է Ուկրաինայի միլիոնանոց բնակչությամբ քաղաքներում (ընդհանուր առմամբ, մոտ 10 մլն բնակչությամբ)։ Բոլոր լաբորատորիաների կառուցման աշխատանքները կատարվել են ամերիկյան «Black & Veatch Special Projects Corp.» («Բլեք ենդ Վիչ սփեշալ պռոջեկտ կոռպոռեյշըն») ինժեներական ընկերության կողմից։

Թբիլիսիի մոտ գտնվող Ալեքսեևկա ավանում գործում է Պենտագոնի Ռիչարդ Լուգարի անվան կենսալաբորատորիան, որի արժեքն է մոտ 300 մլն դոլար։ Բացի այդ, Վրաստանում գործում են ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության վերահսկողության տակ գտնվող մի շարք կենսաբանական օբյեկտներ։ Հարցին, թե Վրաստանում ինչո՞ւ է բացվել նման լաբորատորիա, այդ երկրում ԱՄՆ-ի այն ժամանակվա դեսպան Ջոն Բասը պատասխանել է, որ դա պայմանավորված է Վրաստանի աշխարհագրական դիրքով և ԱՄՆ-ի Պաշտպանական վտանգների նվազեցման գործակալության նպատակներով։ Այո, Վրաստանի աշխարհագրական դիրքով, պատասխանն այս մասով իսկապես անկեղծ է: Ինչ վերաբերվում է հիշյալ գործակալության նպատակներին, նկատի ունենանք, որ Պենտագոնի գործակալությունը հայտարարված նպատակներից բացի, կարող է ունենալ նաև չհայտարարված նպատակներ:

2007 թվականից ազգային ռեֆերենս լաբորատորիա է գործում Ուզբեկստանում, որը ֆինանսավորվել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից, իսկ 2011 թվականին Պենտագոնի Պաշտպանական վտանգների նվազեցման գործակալությունը ֆինանսավորել է այս երկրում կենսաբանական անվտանգության երկրորդ աստիճան ունեցող երկու ախտորոշիչ լաբորատորիաների կառուցումը։

2008թ. Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում USAID-ի ֆինանսավորմամբ և «ՄԻԱՎ/ՁԻԱՀ և հեպատիտ B,C կանխարգելման ծրագրի» շրջանակներում բացվել է կենտրոնական ռեֆերենս լաբորատորիա։

Դուշանբեում, ինչպես նաև Տաջիկստանի Սուղդ, Խաթլոն շրջաններում Պենտագոնի ֆինանսավորմամբ ստեղծված է մանրէաբանական լաբորատորիաների ցանց։

Ադրբեջանում 2013 թվականից գործում է անվտանգության երրորդ աստիճան ունեցող լաբորատորիան, որը մասնագիտացած է կենդանական և մարդկային  ծագման ախտածին միկրոօրգանիզմների ուսումնասիրության ուղղությամբ։ Այս լաբորատորիան նույնպես կառուցվել է Պենտագոնի Պաշտպանական վտանգների նվազեցման գործակալության ֆինանսավորմամբ։

Միացյալ Նահանգների կառավարության ֆինանսավորմամբ Ղազախստանում 2016թ. սեպտեմբերին բացվել է կենսալաբորատորիա, որտեղ հետազոտում են մարդկանց և կենդանիների վարակիչ հիվանդությունները, ինչպես նաև պահում խիստ վտանգավոր պաթոգեններ»։

Անշուշտ, հետաքրքիր է, թե Հայաստանում Պենտագոնի հիշյալ գործակալությունն ի՞նչ նպատակով է օժանդակել և օժանդակում (այն էլ` մի քանի տասնյակ միլիոն դոլարի չափով) նշված կենսալաբորատորիաների բացմանը և գործունեությանը:

«Կարծում եմ, Պենտագոնի ֆինանսավորմամբ եվրասիական տարածքում մանրէաբանական լաբորատորիաների կառուցումը վկայում է այն մասին որ Միացյալ Նահագները չի հրաժարվել կենսաբանական զենքի արտադրության կամ առնվազն այդ ոլորտում ուսումնասիրությունների ծրագրերից, որպես թիրախ ընտրել է նաև եվրասիական տարածքը և, հատկապես, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները»,- ասաց Հայկ Այվազյանը:

Նոր կորոնավիրուսի ի հայտ գալուց հետո աշխարհում COVID-2019-ով վարակման արդեն շուրջ 82 000 հաստատված դեպք է գրանցվել, զոհերի թվաքանակը մոտենում է 3000-ին, ինչպես հայտնի է, մեծ մասը` Չինաստանում: Այդ երկրից բացի, նոր կորոնավիրուսն արդեն պատուհասել է աշխարհի շուրջ 40 երկրի: Այդ երկրներում COVID-2019-ով վարակման հաստատված դեպքերի թիվը 3000-ից անցել է: Երեկ առավոտվա դրությամբ հայտնի վերջին դեպքերը գրանցվել էին Բրազիլիայում,  Նորվեգիայում, Վրաստանում…

Այսօր առավոտ հրապարակված տեղեկությունների համաձայն, Իտալիայում COVID-2019-ով վարակվածության հաստատված դեպքերի թիվը հասել էր 474-ի, վարակվածներից 12-ը մահացել են, Իրանում հաստատված դեպքերի թիվը հասել էր 245-ի, զոհերինը` 26-ի, ընդ որում, COVID-2019-ով վարակվածություն է հաստատվել նաև Իրանի խորհրդարանի պատգամավոր Մահմուդ Սադեգիի, խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Մոջթաբա Զուլնուրի և ԻԻՀ առողջապահության նախարարի տեղակալ Իրաջ Հարիրչիի մոտ:

Հարավային Կորեայում գրանցվել էր նոր կորոնավիրուսով վարակվածության 1595, մահվան` 13 դեպք: Ճապոնիայում նոր կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը հասել է շուրջ 900-ի, որոնց հիմնական մասը «Diamond Princess» ճամփորդական հանրանավի ուղևորները և անձնակազմի անդամներն են: Վարակվածներից 8-ը մահացել են, նրանցից չորսը վարակված է եղել նավում:

Ճապոնիայի վարչապետ Սինդձո Աբեն երկրում COVID-2019-ի տարածման վտանգի կապակցությամբ կոչ է արել երկուշաբթի օրվանից փակել Ճապոնիայի բոլոր դպրոցները մինչև գարնանային արձակուրդների սկիզբ:

Արթուր Հովհաննիսյան