Կինը աշխարհ չի եկած մինակ հաճելի ըլլալու համար․ Զապել Եսայան

Այսօր Զապել Եսայանի ծննդյան օրն է։

1878 թ. փետրվարի 4-ին Պոլսի Սկյուտար թաղամասում ծնվել է Զապել Եսայանը,

արևմտահայ գրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ, թարգմանիչ, հրապարակագիր, արձակագիր,  ազգային-հասարակական անվանի գործիչ։

Ասում են, մարդկության ամենաանվախ կանանցից է եղել։ Նախնական կրթությունն ստացել է Սկյուտարի Սուրբ խաչ վարժարանում։ 1895 թ. վերջերին տեղափոխվել է Փարիզ և աշխատակցել է Գվիդոն Լուսինյանի ֆրանսերեն-հայերեն բառարանին՝ որպես սրբագրիչ և խմբագիրներից մեկը, միաժամանակ Սորբոնի համալսարանում լսել գրականության դասընթացներ: Փարիզում նա մտերմացել է հայ մտավորականների հետ՝ Արշակ Չոպանյան, Երվանդ Օտյան, Էդգար Շահին, Սիամանթո և ուրիշներ:

1909 թ. Կիլիկիայի հայերի ջարդից անմիջապես հետո նա Պոլսի Հայոց պատրիարքարանի հանձնախմբի կազմում մեկնել է դեպքերի վայր, ականատես եղել ազգակիցների ողբերգությանը և տպավորությունները ներկայացրել «Ավերակներու մեջ» (Կ.Պոլիս, 1911) գրքում:

Զապել Եսայանը միակ կին էր, ում երիտթուրքերը ներառել էին իրենց կազմած հայ մտավորականության սև ցուցակում։ Սակայն գրողը կարողանում է փախչել՝ խաբելով թուրքական ոստիկանությանը։ Այդ տարիներին նա գրում է «Ժողովուրդի մը հոգեվարքը» վկայագրությունը, որտեղ պատմում է ցեղասպանությունից մազապուրծ եղած մարդկանց վկայությունները, որոնք նա ամենայն ջանասիրությամբ հավաքագրում էր՝ մոռացությունից փրկելու և աշխարհին ճշմարտությունը ներկայացնելու համար։ Ըստ Մարկ Նշանեանի՝ այդ տարիներին ցեղասպանության մասին ֆրանսերենով լույս տեսած գրեթե բոլոր նյութերում Զապել Եսայանն ունեցել է իր ներդրումը։

Հայոց Մեծ եղեռնի տարիներին Միջին Արևելքի երկրներում Զ.Եսայանը կազմակերպել է հայ տարագիրների և որբերի հավաքման, նրանց խնամքի ու տեղափոխման գործը: Այդ շրջանում էլ նա գրել է «Վերջին բաժակը» (Փարիզ, 1916), «Հոգիս աքսորյալ» (Վիեննա, 1922) վիպակները, որոնցում իր վճռական բողոքն է արտահայտել հայոց ագգային մեծ ոգբերգության առիթով:

Զ. Եսայանը ֆրանսիական և այլ երկրների պարբերականներում տարբեր լեզուներով հրատարակել է Մեծ եղեռնի մասին բազմաթիվ հոդվածներ, նովելներ, պատմվածքներ և ակնարկներ: Երկար ժամանակ եղել է Հայ օգնության կոմիտեի Փարիզի մասնաճյուղի անդամ և աշխատակցել Փարիզում լույս տեսնող «Երևան» թերթին:

Զ. Եսայանի լավագույն ստեղծագործություններից են «Նահանջող ուժերը» (Եր., 1926), «Պրոմեթեոս ազատագրված» (Մարսել, 1927), «Սիլիհտարի պարտեզները» (Եր., 1935), «Մուրադի ճամփորդությունը» (Եր., 1990) գործերը:

1933 թ. խորհրդային կառավարության հրավերով Զ. Եսայանը եկել է Երևան և աշխատանքի անցել ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնում՝ վարելով եվրոպական և մասնավորապես ֆրանսիական գրականության դասընթացը:

Զ. Եսայանը 1930-ականների գրական կյանքի եռանդուն ու ազնիվ մասնակիցներից էր, խորությամբ հասկանում էր տիրող մթնոլորտի ողբերգական հետևանքները և համարձակորեն պաշտպանում էր Ե. Չարենցին, Ա.Բակունցին և գրականության մյուս առաջատարներին: Ստոր մատնությունների զոհ դառնալով՝ բանտարկվեց ու աքսորվեց, կրելով անլուր տառապանքներ…

Զ. Եսայանի գործունեությունն ընդհատվեց 1937թ., կյանքն ավելի ուշ՝ 1943-ին Բաքվի բանտում:

ԽՍՀՄ զինվորական կոլեգիան, որ շատերի հետ կայացրել էր Զ. Եսայանի մահավճիռը, 1957 թ. հետմահու արդարացրեց նրան՝ ճանաչելով անմեղ։

«Կինը աշխարհ չի եկած մինակ հաճելի ըլլալու համար, կինը եկած է իր խելքը մտային, բարոյական հատկությունները զարգացնելու համար»,- գրել է հայոց մեծագույն գրագիտուհի Զապել Եսայանը։