Վարչապետի հայտարարությունը ազդակ է դատական իշխանությանը, թե ինչպես պետք է ընթանա գործի քննությունը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը։ Երեկ բռնի ուժի կիրառմամբ բերման ենթարկվեցին «ՎԵՏՕ» հասարակական կազմակերպության հիմնադիր Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանության հիմնադիրներ Կոնստանտին Տեր–Նակալյանը, Արթուր Դանիելյանը, ևս երկու անդամ, իսկ երեկոյան՝ հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Սամսոնյանը` թմրանյութեր և ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։ Բայց պարզվեց, որ կասկածանքները կեղծ էին, քանի որ բերման ենթարկվածների մոտ ոչինչ չէր հայտնաբերվել և նրանց երեք ժամ պահելուց հետո բաց էին թողել։ Գոհար Մելոյանի մեկնաբանմամբ՝ տեղի ունեցող իրադարձությունները վկայում են, որ իրավունքի գերակայությունն այլևս արդիական չէ մեր երկրում, այլախոհությունն ու այլակարծությունը ճնշվում և հետապնդվում են։

«Ոստիկանության ծառայության կողմից ապօրինի գործողություններ տեղի ունեցան, կոպտորեն խախտվեցին անձի մի շարք իրավունքներ։ Իսկ այսպիսի գործողությունները ներքին իրավական անվտանգության սպառնալիքի են հանգեցնում, վերջին շրջանում պարբերաբար իրավական պետության կարևոր սկզբունքների ոտնահարմանն ենք ականատես լինում»,- ասաց սահմանադրագետը՝ նշելով, որ ոստիկանությունը պետք է պատասխանատվություն կրի իր անհամաչափ գործողությունների համար։

Խոսելով վարչապետի այն պնդումների մասին, որոնց համաձայն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կեղծիքով է այդ պաշտոնը ստանձնել, Գոհար Մելոյանն ասաց․ «Մի իրավիճակ ունենք, երբ գործադիր իշխանության ղեկավարը, օրենսդիր իշխանության ներկայացուցիչը երկու օրվա ընթացքում ելույթներ են ունենում և թույլ են տալիս խախտել իրավական պետության գրեթե բոլոր հիմնարար սկզբունքները՝ իշխանության տարանջատումը, անմեղության կանխավարկածը, անձի անձնական կյանքի անձեռնմխելիությունը և այլն»։

Ըստ նրա՝ վարչապետի և Ալեն Սիմոնյանի հայտարարություններով ոչ միայն Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածն է խախտվում, այլև արդար դատաքննության իրավունքը։

Մյուս կողմից էլ օրենսդիր և գործադիր իշխանության երկու ներկայացուցիչները իրենց ելույթներում այնպիսի տեղեկատվություն են տրամադրում հանրությանը, որը պետք  է նախաքննության գաղտնիք լիներ։

Մանրամասները՝ տեսանյութում