Փարիզի փաստաբանների պալատի պատվիրակության հետ քննարկվել են դատական իշխանության և փաստաբանության ոլորտի խնդիրներ

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանն ապրիլի 23-ին հանդիպել է Փարիզի փաստաբանների պալատի պատվիրակությանը՝ պալատի փոխնախագահ Բազիլ Ադերի գլխավորությամբ: ՀՀ ԱԺ լրատվական ծառայության տեղեկացմամբ, հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Պատվիրակությունը Հայաստանում մասնակցում է «Քրեական պաշտպանության 200 տարին: Հեղափոխություն, իրավական պետություն, հանրային ազատություններ» խորագրով գիտաժողովին:

Բազիլ Ադերը ներկայացրել է Փարիզի փաստաբանների պալատի գործունեությունը՝ ընդգծելով ՀՀ փաստաբանների պալատի հետ հաստատված հարաբերությունները: Նա նշել է, որ ամեն տարի Հայաստանից ոլորտի մասնագետներ են մեկնում Ֆրանսիա վերապատրաստման: Նշելով, որ խորհրդարանին է վերապահված իրավական պետություն կերտելու պատասխանատվությունը՝ հյուրը կարծիք է հայտնել, որ օրենքի գերակայությունն է տնտեսական թռիչքի ապահովման շարժիչ ուժը: Այս համատեքստում նա կարևորել է փաստաբանների անկախության ու անվտանգության երաշխիքների ապահովումը:

Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ ֆրանսիական ժողովրդավարական արժեքները մեր ինքնության ու կրթության բաղկացուցիչ մասն են եղել, ՀՀ Սահմանադրության հիմքում ֆրանսիական սահմանադրական զարգացումների ավանդույթներն են: Հանձնաժողովի նախագահն իր հերթին կարևորել է իրավական կայունությունն ու անվտանգությունը, դատական իշխանության անաչառությունն ու արդյունավետությունը տնտեսության զարգացման, ներդրումների ներգրավման հարցում: Այս առումով նա ընդգծել է փաստաբանության ինստիտուտի կայացումը և խոսել մեր երկրում այդ ոլորտի զարգացման փուլերի մասին: Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է Հայաստանում դատական իշխանության և փաստաբանության ոլորտի խնդիրներին:

Կողմերը կարևորել են դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված քայլերը, այս հարցում խոսել դատավորների սոցիալական երաշխիքների ապահովման մասին: Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը խորհրդարանի օրակարգային հարցերից է, օրենսդիրը նախատեսում է իրավակարգավորումներ մշակել հակակոռուպցիոն մարմնի վերաբերյալ և ձեռնարկել մեխանիզմներ, որոնք դատական համակարգը զերծ կպահեն կոռուպցիոն դրսևորումներից: