Բողոք «ԼԳՏԲ համայնք»-ի ակտիվության, իշխանության անընդունելի լռության, ՀՀ ներքին գործերին Եվրամիության, ՄԱԿ-ի անթույլատրելի միջամտության դեմ

Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունն այսօր ՀՀ Հանրային հեռուստաընկերության դիմաց կազմակերպել էր բողոքի միջոցառում, որի ընթացքում հայկական արժեքների պահպանությամբ մտահոգ մի խումբ քաղաքացիներ բացատրություն էին պահանջում Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունից՝ ապրիլի 5-ին մեր պետության բարձրագույն օրենսդիր մարմնի ամբիոնն անբարոյականին տրամադրելու փաստը Հ1-ով եթեր արձակելու համար։

Միջոցառման մասնակիցները Հանրային հեռուստառադիոընկերության մոտից քայլերթով գնացին դեպի ՄԱԿ-ի և ԵՄ հայաստանյան հայաստանյան գրասենյակներ, որտեղ իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին ՀՀ ներքին գործերին միջամտելու այդ կառույցների փորձերի դեմ:

«ՀՀ Ազգային ժողովում 2019 թ. ապրիլի 5-ին «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ սեռափոխ անձ, որն Ազգային ժողովի դահլիճից հեռարձակվող ուղիղ եթերով իրականացրեց միասեռականության քարոզչություն,- նշված է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող պարոն Շոմբի Շարփին հասցեագրված և ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի անվտանգության աշխատակիցներին հանձնված հիշյալ նախաձեռնության նամակում։- Այդ ելույթը խիստ բացասաբար ընդունվեց հայ հանրության և քաղաքացիական հասարակության կողմից, քանի որ Ազգային ժողովի ամբիոնից հնչեցված միասեռականության քարոզչության ժամանակ արտաբերված մտքերը հակոտնյա են ավելի քան 1700 տարի առաջ քրիստոնեական արժեքների հենքի վրա ձևավորված հայ ժողովրդի ազգային-հոգևոր բարոյական ընկալումերին և ավանդական ընտանեկան արժեհամակարգին։

2019թ. ապրիլի 9-ին Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակը տարածեց հայտարարություն, որով հայ հանրություն կողմից սեռափոխության և միասեռականության քարոզի անընդունելի լինելը որակեց որպես ատելության քարոզ։

Փաստենք նաև, որ տարիներ շարունակ տեղեկատվական տարբեր հարթակներում և տարբեր ձևաչափերի միջոցառումներում միասեռականության բացահայտ քարոզչությամբ հանդես են գալիս Հայաստանում հավատարմագրված Եվրամիության մի շարք երկրների դեսպաններ, դեսպանության ներկայացուցիչներ, Եվրամիության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ։

Խիստ դատապարտում ենք միջազգային կազմակերպությունների և դեսպանությունների կողմից Հայաստանում իրականացվող միասեռականության քարոզչությունն ու դրա հովանավորչությունը, որակելով այն որպես կոպիտ միջամտություն ինքնիշխան Հայաստանի ներքին գործերին»։

«Պարոն Սվիտալսկի, 2019 թ.-ի ապրիլի 5-ին «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով ՀՀ Ազգային ժողովում, խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ սեռափոխ անձ, որն Ազգային ժողովի դահլիճից հեռարձակվող ուղիղ եթերով իրականացրեց բացահայտ միասեռականության և սեռափոխության քարոզչություն,- նշված է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն հասցեագրված և պատվիրակության անվտանգության աշխատակիցներին հանձնված նախաձեռնության նամակում։- Այդ ելույթը խիստ բացասաբար ընդունվեց հայ հանրության և քաղաքացիական հասարակության կողմից, քանի որ Ազգային Ժողովի ամբիոնից հնչեցված միասեռականության և սեռափոխության քարոզի ժամանակ արտաբերած մտքերը հակոտնյա են շուրջ 1700 տարի առաջ քրիստոնեական արժեքների հենքի վրա ձևավորված հայ ժողովրդի ազգային-հոգևոր բարոյական ընկալումերին և ավանդական ընտանեկան արժեհամակարգին։

2019 թ.-ի ապրիլի 9-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների անունից տարածվեց հայտարարություն, որով հայ հանրության կողմից վերոհիշյալ քարոզի նկատմամբ անընդունելի կեցվածքը որակեց որպես հանցագործություն և կոչ արեց ՀՀ իշխանություններին քննություն անցկացնել «հանցագործությունները» հրահրելու մեջ կասկածվող  անձանց դեմ ներկայացված ենթադրյալ մեղադրանքների վերաբերյալ։

Անընդունելի ենք համարում Հայաստանում Եվրամիության պատվիրակության նման կեցվածքը և դատապարտում ենք վերջինիս կողմից տարիներ շարունակ իրականացվող հայ ժողովրդի ազգային, հոգևոր և ավանդական ընտանեկան արժեհամակարգի դեմ ուղղված երևույթների քարոզչությանն ու օրինականացմանը նպաստող գործունեությունը և հովանավորչությունը, ինչը որակում ենք որպես կոպիտ միջամտություն Հայաստանի Հանրապետության ներքին գործերին»:

Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակից հետո բողոքի միջոցառման մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի ՀՀ Ազգային ժողով՝ ապրիլի 8-ի պահանջները վերահաստատելու, այդ թվում նաև՝ ԱԺ տարածքը խնկարկելու: ԱԺ նամակների բաժնի աշխատակցին հանձնվեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին հիշյալ նախաձեռնության հասցեագրած նամակը, որում մասնավորապես նշված է․

«ՀՀ Ազգային ժողովում 2019 թ. ապրիլի 5-ին «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ սեռափոխ անձ, որն Ազգային ժողովի դահլիճից հեռարձակվող ուղիղ եթերով իրականացրեց միասեռականության և սեռափոխ անձանց իրավունքների պաշտպանության քարոզչություն։

Ավելի վաղ, 2019 թ. մարտի 8-ին Ազգային ժողովում կայացած միջոցառման ժամանակ «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Լարա Ահարոնյանը հայ կանանց համեմատեց լեսբի և տրանս անձանց հետ, բարձրացրեց տրանսգենդերների, բիսեքսուալների, լեսբիների կողմից երեխա որդեգրելու իրավունքի հարցը, ինչն առաջացրեց հայ հասարակության արդարացի վրդովմունքը։

Տարիներ շարունակ Հայաստանում իրականացվող միասեռականության քարոզը վերջին ամիսներին առավել սուր բնույթ են ստացել, ինչը մեր կողմից որակվում է որպես սպառնալիք հայ ժողովրդի ազգային, հոգևոր և ավանդական ընտանեկան արժեհամակարգի նկատմամբ։

Հաշվի առնելով վերոհիշյալը, Ազգային ժողովից պահանջում ենք՝

  1. Հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ և ընդունել 2018 թ. հոկտեմբերին ՀՀ ազգային ժողովում շրջանառության մեջ դրված ««Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (Պ-379-01.10.2018-ՄԻՊԻ), ինչպես նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (Պ-3791-01.10.2018-ՄԻՊԻ):
  2. ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով (ընդգծումը՝ մերը)։

Այսպիսով պահանջում ենք նախաձեռնել ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված կամ թույլատրելի («կարող է սահմանափակվել…») ՀՀ օրենքի նախագծի մշակման գործընթաց, որով կարծիքի արտահայտման ազատությունը սահմանափակվի բարոյականության, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի պաշտպանության նպատակով»:

Միջոցառման մասնակիցներն անդրադարձան նաև վերջին շրջանում ԼԳՏԲ կոչված համայնքի տարօրինակ ակտիվությանն ու իշխանության անընդունելի լռությանը։

«Կամք»-ի համոզմամբ, այն, ինչ վերջին շրջանում (մարտի 8-ին և ապրիլի 5-ին) տեղի ունեցավ ԱԺ-ում, անընդունելի է բոլոր առումներով, դա անհամատեղելի է մեր ազգի հետ։ Չի կարելի նման արատավոր երևույթներ թույլ տալ մի երկրում, որի պաշտպանության համար հազարավոր քաջեր են զոհվել, հազարավոր կանայք են այրիացել, որդեկորույս դարձել, հազարավոր երեխաներ են որբացել։