Պենտագոնը կփակի մոտ 100 խոշոր ռազմական ծրագրեր

Աշխարհում այժմ ուշադրությունը սևեռված է Միջին և փոքր հեռահարության հրթիռների պայմանագրի (ՄՓՀՀՊ) գործողությունը կասեցնելու վերաբերյալ (մինչև որ ԱՄՆ-ը կվերացնի բոլոր խախտումները) Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մարտի 4-ի հրամանագրի վրա ու դրանից բխող զարգացումների վրա։

Պուտինի համապատասխան հրամանագիրը հրապարակված է ՌԴ իրավական տեղեկատվության համակայքում։ Դեռ մարտի 4-ից առաջ, ս․ թ․ փետրվարի 19-ին «Ազատություն» ռադիոկայանը, որը ֆինասավորվում է ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից, իսկ հոգաբարձուն Գլոբալ լրատվամիջոցների ամերիկյան գործակալությունն է, ստիպված էր ընդունել. «Ռուսաստանը կարողացավ ԱՄՆ-ին պարտադրել սպառազինությունների անհամաչափ հոգնեցուցիչ մրցավազք»։

Կարծում եմ, ոչ ոք չի վիճարկի, որ աշխարհի ապագան կախված է նախևառաջ այն բանից, թե ինչպես կզարգանան ռուս-ամերիկյան և չին-ամերիկյան հարաբերությունները։ Հիշեցնեմ, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շենահենը դիմելով իր ենթականերին, ԱՄՆ-ի առաջին թշնամի է անվանել «Չինաստանը, Չինաստանը և կրկին Չինաստանը»։ Ռուսաստանն արդեն թիվ 2 թշնամին է ԱՄՆ-ի համար։ Այդուհանդերձ, հիմա հենց Ռուսաստանն է հյուծում ամերիկացիներին «անգին զենքի» զինանոցով, ինչպես նշել է ամերիկյան «Missile Defense Advocacy Alliance» ոչ առևտրային կազմակերպության կայքը։

Եվ, ահա, այն բանից հետո, երբ Պուտինը ստորագրեց ՄՓՀՀՊ-ի գործողությունը կասեցնելու մասին հրամանագիրը, «The Hill» պարբերականում (ԱՄՆ) մարտի 5-ին հրապարակվեց ամերիկյան ռազմական փորձագետ Թոմաս Սփոյերի հոդվածը, որը լրջորեն ահազանգում է, որ վերջին 6 ամիսներին ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունում բազմիցս մատնանշել են, որ Պենտագոնը ստիպված կլինի գումարներ վերցնել ռազմական սարքավորման գնումների ֆինանսավորման համապատասխան ծրագրերից՝ ԱՄՆ-ի բանակի ռազմական հնարավորությունների արդիականացման ոլորտում նոր ծրագրեր իրականացնելու համար։ ԱՄՆ-ի բանակի շտաբի պետ, գեներալ Մարկ Միլլին հայտարարել է, որ Պենտագոնը 5 տարի շարունակ մտադիր է մինչև 30 մլրդ դոլար ազատել ռազմական արդիականացման նպատակով, սակայն դրա համար կպահանջվի լիովին հրաժարվել ռազմական սարքավորումների գնումներ նախատեսող 93 ծրագրերից և կրճատել ևս 93 ծրագրերի ֆինանսավորման ծավալը։

ԱՄՆ-ի ռազմական ղեկավարությունը հարկադրված ընդունեց այդ դժվարին որոշումը 2018 թվականին։ «Ինչպես ասում են, «անտառ հատելիս, տաշեղներ են թռչում»։ Տաշեղները չափազանց շատ կլինեն, և Կոնգրեսը պետք է աջակցի նման մոտեցմանը,- գրում է Թ. Սփոյերը։- Վերջին երկու տասնամյակների գրեթե ողջ ընթացքում ամերիկյան բանակի արդիականացման գործընթացը չափազանց դանդաղ էր ընթանում։ Իրաքում ու Աֆղանստանում պատերազմների պատճառով զինվորականներն էական միջոցներ էին ծախսում մարտական գործողությունների համար անհրաժեշտ ռազմական սարքավորում ձեռք բերելու վրա։ Ներդրումները ծախսվում էին զրահամեքենաներ, անօդաչու սարքեր և շատ այլ բաներ գնելու վրա։ Հարկ եղավ որոշակի չափով հրաժարվել արդիականացումից, որն անհրաժեշտ է համաշխարհային այնպիսի տերություններին հակազդելու համար, ինչպիսիք են Ռուսաստանն ու ՉԺՀ-ը»։

Թ. Սփոյերի խոսքերով, իրավիճակը լրացուցիչ բարդացավ 2012թ․, երբ օրենք ընդունվեց բյուջեի վերահսկման մասին, որով լիմիտներ էին նախատեսվում ռազմական բյուջեի համար։ 2017-ին զինվորականները ջանքեր ձեռնարկեցին արդիականացման հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ։ Առավել կարևոր է այն, որ Պենտագոնն իր վրա պարտավորություն է վերցրել անցկացնել արդիականացումն արդեն գոյություն ունեցող բանակային ծրագրերից միջոցներ հանելու հաշվին։ Կոնգրեսից փող խնդրելու փոխարեն, նրանք որոշել են նախևառաջ օգտագործել ներքին հնարավորությունները։ Պենտագոնում շատ արագ գիտակցեցին, որ բավարար միջոցներ չկան հնացած տեխնիկան արդիականացնելու և նոր զինատեսակներ մշակելու համար։ Այդժամ ԱՄՆ-ի ռազմական ղեկավարությունը որոշեց 25 մլրդ դոլար քամել բանակային առկա ծրագրերից և ներդնել դրանք ապագայի մեջ։ Առայժմ բոլորը, ներառյալ Կոնգրեսի անդամները, ըստ երևույթին, համամիտ են գործողությունների այդպիսի ռազմավարությանը, նշել է հեղինակը։ Սակայն ասելը միշտ ավելի հեշտ է, քան անելը, այնպես որ, Պենտագոնը ստիպված կլինի բավական մեծ ջանքեր գործադրել։

Սփոյերը գրել է նաև, որ ամերիկյան բանակը ստիպված կլինի հրաժարվել ամենախոշոր ռազմական ծրագրերից, որպեսզի ստանա անհրաժեշտ 25 մլրդ դոլարը։ 2019 ֆինանսական տարում Պենտագոնը այլ ծրագրերից հայթայթած միջոցների մեծ մասը պետք է ուղղեր այնպիսի հնացած ուղղաթիռների արդիականացմանը, ինչպիսիք են «Ապաչը», «Բլեք Հոքը» և «Չինուկ» ռազմատրանսպորտային ծանր ուղղաթիռը։ Պետք է արդիականացվեին նաև այնպիսի հնացած մարտական միջոցներ, ինչպիսիք են «Աբրամս» տանկը, Մ2 «Բրեդլի» հետևակային մարտամեքենան և Մ109 ինքնագնաց հրետանային կայանքը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության բյուջեում, որը կհրապարակվի հաջորդ շաբաթ, այդ ծրագրերի հետագա ֆինանսավորումը կա՛մ նախատեսված չի լինի, կա՛մ կկրճատվի։ Ոչ մի կասկած չկա, որ բազմաթիվ այլ կարևոր ծրագրեր կա՛մ կփակվեն, կա՛մ էականորեն կկրճատվեն, արձանագրել է հեղինակը։

Սփոյերը, սակայն, նշել է նաև, որ կան Պենտագոնի ծրագրերի կրճատմանը դիմադրող ուժեր։ ԱՄՆ-ի պաշտպանական ձեռնարկությունները, իհարկե, շահագրգռված չեն այս կամ այն ռազմական ծրագրերի ֆինանսավորման կրճատման հարցում։ Հարվածի տակ կարող են հայտնվել պաշտպանական ձեռնարկությունների և, հետևաբար, նաև Կոնգրեսի անդամների շահերը շոշափող ռազմական ծրագրերը։ Շահագրգիռ կողմերն արդեն սկսել են խոսել այն մասին, որ իրենք, ընդհանուր առմամբ, համամիտ են բանակի արդիականացման ոլորտում իրավիճակը փոխելու անհրաժեշտությանը, սակայն չարժե այդքան անմտածված կերպով փակել այս կամ այն ռազմական ծրագիրը։

«Հենց այս պահին Կոնգրեսը պետք է հանդես գա նման հայտարարությունների դեմ և լիովին աջակցի պաշտպանական գերատեսչության առաջարկած կոշտ միջոցներին,- պնդում է Սփոյերը։- Ամենամոտ հեռանկարում նման միջոցները կարող են չափազանց ցավոտ լինել, քանի որ այս կամ այն ռազմական ծրագրից հրաժարումը միշտ կապված է աշխատատեղերի վերացման և որոշակի տնտեսական հետևանքների հետ»։

Համաձայնենք, որ Վաշինգտոնն, իսկապես, հայտնվել է բարդ իրավիճակում։ Ռուսաստանն ու Չինաստանն առաջ են անցնում ԱՄՆ-ից այն ամենով, ինչով տասնամյակներ շարունակ ամերիկացիները պարծեցել են մնացյալ աշխարհի առջև, այսինքն՝ գերժամանակակից ռազմական տեխնոլոգիաներով։ Պենտագոնը պարզապես չունի այլ տարբերակ, բացի ռազմական տեխնիկայի առկա հնացած նմուշների աստիճանական բարելավումից հրաժարվելուց, որպեսզի անհրաժեշտ ներդրումներ ստանա, որոնք զինվորականները կարող են ուղղել հաջորդ սերնդի ռազմական տեխնիկայի նմուշների մշակմանը։ Այսօր Վաշինգտոնի ռազմական գերակշռությունը լրջորեն վտանգված է։ Ընդ որում, հիմա դեմոկրատները կրկին ցանկանում են ալիք բարձրացնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։ Ներկայացուցիչների պալատի երեք առանցքային կոմիտեների ղեկավարները Սպիտակ տնից և ԱՄՆ-ի Պետդեպարտամենտից պահանջել են բազմաթիվ փաստաթղթեր Թրամփի և Պուտինի հանդիպումների ու հեռախոսազրույցների մասին, հաղորդել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը մարտի 5-ին։ Եվ թե ինչո՞վ այդ ամենը կավարտվի, առայժմ դժվար է ասել։

 

Սերգեյ Շաքարյանց