ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները իմաստուն մարդիկ են, ճիշտ որոշում կկայացնեն. Անատոլի Սիդորով

«Արցախպրես» լրատվական կայքի տեղեկացմամբ, փետրվարի 6-ին Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ընթացքում անդրադառնալով ՀԱՊԿ-ում Յուրի Խաչատուրովի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակին, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովն ասել է․

«ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներն իմաստուն ու փորձված մարդիկ են, նրանք ճիշտ որոշում կկայացնեն: ՀԱՊԿ միացյալ շտաբը աշխատող մարմին է, որը պատրաստ է իրականացնել պետությունների ղեկավարների կայացրած ցանկացած որոշում»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի լիազորությունները դադարեցվել էին` նրան քրեական գործով առաջադրված մեղադրանքի հիմքով։

Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել 2008թ․ մարտի 1-2-ը ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով, այն բանի համար, որ նա, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:

ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանին է տրված մինչև 2020թ. ժամկետով, մինչդեռ Բելառուսի Հանրապետությունն այս պաշտոնին առաջարկել է ԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությունը:

Նոյեմբերի 2-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարը Յուրի Սեմերիկովն է: