Փաշինյանն Արցախի հարցում իր խելքի կտրածն ասում է ու վրիպումներ թույլ տալիս (տեսանյութ)

«Բաքուն միշտ պատրաստված է գալիս բանակցություններին ու ինքներս պետք է միշտ պատրաստ լինենք, որպեսզի անակնկալի բերենք Բաքվին»,- ասում է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն ու հավելում․ «Միջազգային միջնորդները չեն սիրում իրավական, պատմական փաստարկները, բայց դրանք կարելի է այնպես ներկայացնել, որ չկարողանան դրա դեմն առնել։ Իսկ մենք ունենք ադրբեջանական փաստարկները հերքող, դրանք մի կողմ շպրտող մեր փաստարկները, որոնք այս տարիներին չեն օգտագործվել»։

Քաղաքագետն ասաց, թե ի տարբերություն մեզ, Ադրբեջանը դեռևս 88-ին պատրաստ էր ավելի բարձր դիվանագիտական խաղեր սկսել, մինչդեռ մենք դրան պատրաստ չէինք, քանի որ չունեինք անկախ պետականության փորձ։

«Ադրբեջանցիները անկախացումից հետո վազում էին Անկարա, Ստամբուլ, որտեղ դասեր էին առնում։ Իսկ մենք չունեինք նման մշակված բանաձևեր։ Դա հատուկ մշակույթ է»։ Հարցին, թե 30 տարիների ընթացքում  մեզ չհաջողվե՞ց ունենալ «դիվանագիտական խաղեր տալու» մշակույթ՝ քաղաքագետն ասաց․ «Հիշո՞ւմ եք, առաջին նախագահն ասում էր՝ խնդրին տիրապետում են 7 հոգի, բայց խնդրին տիրապետողները պետք է լինեին 7 ինստիտուտներ, որտեղ կմշակվեին հայեցակարգեր։ Սակայն հետագայում պարզվեց, որ 7 հոգին տարբեր կերպ են պատկերացնում արցախյան խնդիրը»։

Քաղաքագետը մտահոգիչ է համարում այն, որ մինչ օրս չի հաջողվել իրականություն դարձնել անկախ, ոչ քաղաքականացված, լուրջ փորձագիտական համայնքի ու պետության համագործակցությունը, ինչի արդյունքում էլ առ այսօր չունենք հիմնարար հայեցակարգ։ Իսկ դրա բացակայությանը հաշտվել է ամեն մի նոր եկող իշխանություն, ամեն մեկն իր հերթին մտածելով, թե այն, ինչ ասում է՝ դա վերջին ճշմարտությունն է։

«Ժամանակին պրեզիդենտ կրտսեր Բուշին արգելվել է ինքնուրույն որևէ բառ ասել, նրան ասում էին՝ ասա այն ամենը, ինչը դրվում է սեղանին։ Քանի որ պրեզիդենտը ժամանակ չունի մանրամասնորեն ուսումնասիրելու․․․ Խոշոր տերության համար պրեզիդենտի նման անգրագիտությունը վտանգավոր չէ, որովհետև կան ինստիտուտներ։ Փոքր երկրների համար, որոնք չունեն վերլուծական ինստիտուտներ, դա խիստ վտանգավոր է,- ասում է քաղաքագետն ու նկատում,- «Փաշինյանն Արցախի հարցում իր խելքի կտրածն է ասում ու վրիպումներ թույլ տալիս»։

Մանրամասները՝ տեսանյութում