Հայաստանի և Թուրքիայի սահմանային գոտում բռնկված հրդեհը մարվել է (լուսանկարներ)

Նոյեմբերի 15-ին, ժամը 15։12-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Թուրքիայի Հանրապետության տարածքում հրդեհ է բռնկվել, առկա է տարածման վտանգ դեպի ՀՀ տարածք՝  Շիրակի մարզի «Արփի լիճ» ազգային պարկ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:57-ին: Համագործակցված աշխատանքների արդյունքում ժամը 19:30-ին հրդեհը հաջողվել է մարել:

ՀՀ-ում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի 3-րդ և 4-րդ ուղեկալների տարածքում այրվել է մոտ 320 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակել են ՌԴ սահմանապահ զորքերի քառասուն զինծառայող, «Արփի լիճ» ազգային պարկի երեք աշխատակից և Զարիշատ համայնքի յոթ բնակիչ: