Եկեղեցականների զենքը միայն խաչն է, որից Սատանան է վախենում, բա ինչո՞ւ է Փաշինյանն էլ անհանգստացել (տեսանյութ)

Լոս Անջելեսում ամերիկահայերից մեկի հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանը, նրա խայտառակ հայտարարություն-սպառնալիքը թեկուզ առանձին եկեղեցականների ծնկի բերելու վերաբերյալ, շարունակում է մնալ հասարակական քննարկումների ու քննադատությունների կենտրոնում։ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է․

«Եվ երբ որ մենք ասում ենք, որ մենք եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ սրանից եզրակացնում են, ասում են` ա, սա նախկին կառավարության նման չի, սա բան ա, թույլ կառավարություն ա, եկեք քանդենք այս կառավարության ոտերի տակը, շատ ուժեղ հակահարված կստանան և ծնկի կբերվեն բառի թե բուն, թե փոխաբերական իմաստով: Ես էլի եմ ուզում բոլորին զգուշացնել` մեր ժպիտները, մեր հարգանքը ոչ մեկը հանկարծ որպես թուլություն չընկալի…»:

Եկեղեցականների միակ զենքը խաչն է, խաչո՞վ պետք է կառավարության ոտքերի տակը քանդեն, խաչից Սատանան է վախենում, բա ինչո՞ւ է Փաշինյանն այդպես անհանգստացել․․․

Եկեղեցին քանի որ Աստծո պատվիրանների վրա է կանգնած, և ոչ թե՝ հեղհեղուկ քաղաքական հոսանքների է հետևում, միշտ կանգնում է ճշմարտության կողմը, իսկ իշխանություններն անցողիկ են։ LIVEnews.am-ի եթերում այս մասին նշելով, գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանն ասաց, որ կառավարության անդամների մեծ մասն աղանդավոր է («Կյանքի խոսք», «Ռեմա» աղանդների հետևորդներ), իրենց համար քրիստոնեությունը բոբո է, դա էլ պետք է հաշվի առնենք։

«Չի եղել այդպիսի բան մեր պատմության մեջ,- թեկուզ առանձին եկեղեցականների ծնկի բերելու երկրի ղեկավարի հայտարարության կամ սպառնալիքի առնչությամբ ասաց Լիա Ավետիսյանը։- Իհարկե, եղել են հերձվողներ, եղել են նահատակվածներ մեր կաթողիկոսների մեջ, բայց երբեք ծնկի չեն եկել։ Արաբն է եկել, պարսիկն է եկել, թուրքն է եկել, մեր եկեղեցականը ծնկի չի եկել»։

Եկեղեցականներին բառի բուն իմաստով ծնկի բելու սպառնալիքը նշանակում է նրանց նկատմամբ ֆիզիկական բռնության սպառնալիք, այսինքն՝ այնպես վարվելու, ինչպես փաշինյանական իշխանությունը վարվեց առանձին օլիգարխների թիկնապահների նկատմամբ, հիշենք Փաշինյանի հայտարարություններն ասֆալտին փռելու, պատերին ծեփելու վերաբերյալ։

«Այս իշխանության բառապաշարը դա է»,- ասաց գրողը, որի կարծիքով, առանձին եկեղեցականների ծնկի բերելու վերաբերյալ վարչապետի հայտարարությունը նշանակում է, որ իրենք ինքնուրույն չեն և կատարում են դրսի ինչ-որ պլան, օտար թշնամու ծրագիր։

Լիա Ավետիսյանի կարծիքով, Նեռն արդեն եկել է, բայց նրա ժամանակը կարճ է։

Մանրամասները՝ տեսանյութում