Սա ՀՀ պատմության մեջ ամենից խայտառակ քրեական գործն է, դասագրքերում է նշվելու այս գործի մասին. Ռոբերտ Քոչարյան

«Միայն կավելացնեմ, որ այս մեկ տարվա ընթացքում իմ իրավունքները խախատվել են բազմաթիվ անգամներ: Եվ տպավորությունն այնպիսին է, որ որևէ խախտման հնարավորություն բաց չեն թողել: Ոնց որ մեքենա քշես, ճանապարհով 10 փոս կա, 10 փոսով անցնես»: Այս մասին այսօր դատարանում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:

«Խախտումներն այնքան շատ են, և սա սիստեմատիկ բնույթ է կրում: Սա անձնավորված է, սա քաղաքական հետապնդում է, և սա արվում է տվյալ դեպքում մի մարդու նկատմամբ, որը և Ղարաբաղում և Հայաստանում նախագահ է եղել: Մեկ-մեկ մտածում ես՝ եթե նախկին նախագահի նկատմամբ կարող են այսպիսի չարաշումներ անել… դատախազության համար ես մի բան եմ հասկանում, որ օրենքը ոնց որ պլաստիլին լինի, ոնց ուզես՝ մեկնաբանես: Հիմա սա է վիճակը: Իմ տպավորությամբ՝ սա Հայաստանի Հանրապետության մեջ ամենից խայտառակ քրեական գործն է, դասագրքերում է նշվելու այս գործի մասին, և այս գործն ունենալու է իր բացասական և դրական հերոսներին. ես չեմ պատկերացնում՝ ովքեր են լինելու դրա բացասական հերոսները: Տվյալ դեպքում դուք այն անձնավորությունն եք, որը գրում է ևս մեկ էջ այս քրեական գործի պատմության: Թե ինչպիսին է լինելու այդ էջը, իհարկե կախված է լինելու ձեզնից: Ես ուրիշ բան չունեմ ավելացնելու»,- հայտարարեց Քոչարյանը: