«Մեկ դասը մեզ պետք է բավարար լինի». Տիգրան Խաչատրյան

Մեղրու ազատ տնտեսական գոտու առնչությամբ իրավական խնդիրներ էին եղել շրջակա հողերի հետ կապված, որից կառավարությունը պետք է խուսափի Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման ժամանակ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Այսինքն` մեկ դասը պետք է մեզ բավարար լինի»,- ասաց նա:

Ըստ նախարարի՝ նոր ԱՏԳ հետ կապված հարցերը բոլորովին այլ հարթության մեջ են, դա բավականին հետաքրքիր նախաձեռնություն է, ինչի շահագործումը կապակցվում է օդային փոխադրումների հետ, որը լավ հեռանկար է բացում օդանավակայանի զարգացան համար, մյուս կողմից՝ դա կարևոր առանձնահատկություն է այնտեղ տնտեսական գործունեություն ծավալելու համար:

Նա դրվատանքով խոսեց ներդրողների մասին, որ գործի գիտակ են: Սակայն նա նաև նշեց, որ աշխարհը մրցակցային է, եթե սպասումներն ինչ-ինչ պատճառներով չարդարանան, կվերանայվեն արված քայլերը:

Մեղրու ԱՏԳ շրջակա հողատարածքների վերադարձը պետությանը, ըստ նախարարի, դեռ ավարտված չէ.

«Իրավասու մարմիններն իրենց գործողությունները կատարում են, հանգուցալուծումներից հետո կարվեն եզրակացությունները»:

Անդրադառնալով «Սպայկայի» խնդիրներին՝ Տ. Խաչատրյանը նշեց, որ նախարարությունը մշտապես ընկերության կողքին է եղել, օպերատիվ կապ կա ռուսական մաքսակետի պաշտոնյաների հետ:

Նա նշեց, որ նախապես ամբողջ ավտոմեքենաները պետք է մաքսային զննության ենթարկվեին, բայց գործընկերների հետ երկարատև քննարկումների արդյունքում 8 մեքենա առանց զննության բաց է թողնվել, 7-ը՝ 10% չափով է զննության ենթարկվել.

«Այսինքն՝ այն ենթադրական վնասները, որ կազմակերպությունը կարող էր կրել, դրանք էապես նվազեցվել են»: