Կմեկնարկի «Ֆրեսկո» արվեստի և հոգևոր ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը

2019  թ. օգոստոսի 23-30-ը Հայաստանում կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը:

Ամառային վերջին օրերը հայաստանցիների և հյուրերի համար 8 օր շարունակ «Ֆրեսկո»-ն կստեղծի իսկական ժողովրդական տոնակատարություն՝ հանդիսատեսին դարձնելով արվեստի մի մասնիկը: Փառատոնը կունենա երկու բացում. «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի  «Բարձունքի հատակից» ֆիլմը, որից հետո կկայանա հանդիպում-քննարկում  ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Թամարա Ցոցորիայի և քառակի մրցանակակիր, աշխարհի չեմպիոն, երկակի պարալիմպիկ չեմպիոն Ալեքսեյ Մոշկինի հետ, ով ֆիլմի գլխավոր հերոսի նախատիպն է: Իսկ օգոստոսի 24-ին կկայանա փառատոնի բացօթյա հանդիսավոր բացումը, որտեղ կհնչի Կոմիտաս՝ Արթո Թունջբոյաջյանի, Վահան Արծրունու և Վահագն Հայրապետյանի կատարմամբ: Փառատոնային յուրաքանչյուր օրվա մեկնարկ կտրվի  համերգային ծրագրով:

Փառատոնի օրերին բացօթյա տարածքում և դահլիճներում կկանցկացվեն միջազգային ֆիլմերի դիտում-քննարկումներ ֆիլմերի հերոսների հետ, ցուցահանդես՝ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ասեղնագործ ծիսական պարագաներ» խորագրով:

Այս տարի «Ֆրեսկոն» լի է նաև նոր ծրագրերով. աշխարհի 5 փառատոներ՝ Իտալիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, «Ֆրեսկոյի» շրջանակներում կներկայացնեն  սեփական փառատոների  փորձառությունը, առաքելությունը և լավագույն ֆիլմերը՝ «Պատուհան դեպի Եվրոպա» ռուսական կինոյի փառատոն, «Պոկրով» միջազգային Ուղղափառ կինոյի փառատոն «Սակրոֆիլմ» կաթոլիկ ֆիլմերի փառատոն  «Կրոնն այսօր» միջազգային ֆիլմերի փառատոն: Իսկ արտերկրից ժամանած և հայաստանյան 30 հյուրերը փառատոնի ամբողջ ընթացքում կդառնան հանդիսատեսի ուղեկից ընկերը, որոնց թվում են՝ Հայր Մարեք Լիսը (Լեհաստան), ով մի շարք կինոփառատոներում հանդես է գալիս որպես ժյուրիի անդամ՝ Կանն, Բրատիսլավա, Ֆրիբուրգ, Վարշավա և այլն, իսրայելացի լուսանկարիչ Դ. Բրիկմանը, ինչպես նաև կինոփառատոների նախագահներ, կինոգործիչներ,  հոգևորականներ:

Փառատոնը կամփոփվի հանդիսատեսի կողմից ամենասիրված ծրագրով՝ վրանային կինոճամբարով, որը կկայանա Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում՝ Սաղմոսավանքում:

«Ֆրեսկոն» առանձնակի նշանակություն է տալիս խոցելի խմբերի հետ աշխատանքին: Ոլորտում մասնագիտացված կառույցների հետ համագործակցության շնորհիվ նրանք ոչ միայն մասնակցում են բոլոր միջոցառումներին, այլև ակտիվորեն ներգրավվում են  փառատոնի կազմակերպչական աշխատանքներում: Ամենամյա ավանդույթ դարձած փառատոնի օրհնված հուշանվերները, որոնք պատրաստել են Խարբերդի մասնագիտացված մանկատան երեխաները, հանդիսավոր բացման ժամանակ կբաժանվեն հանրությանը. հայկական խաչքարեր՝ Նորատուսի, Գեղարդի, Էջմիածնի և  Ջուղայի: