Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հերքում է Reuters-ին

Իրանում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև Իրանի հաջորդող շոշափելի «հարձակումները» ԱՄՆ-ի, Իսրայելի և Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունների դեմ, մի կողմ մղեցին անգամ Սիրիայում ծավալվող գործողությունները: Սակայն մի քանի օր առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը շատ հստակ հայտարարեց, որ ոչ ոք չի պատրաստվում Սիրիայի Իդլեբ գավառում երկար ժամանակ հանդուրժել տասնյակ հազարավոր զինված ահաբեկիչների: Դա, իհարկե, տագնապի հերթական ահազանգ էր Թուրքիայի և նրա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար: Հենց Անկարային են արդեն շատերն անվանում ահաբեկիչների հիմնական հովանավորն ամբողջ Հյուսիսային Սիրիայում: Իսկ հուլիսի 24-ի գիշերը Իսրայելի ավիացիան հերթական անգամ փորձել է հրթիռային հարվածներ հասցնել Սիրիային: Պարզ դարձավ, որ պատրաստվում է Իդլեբից ահաբեկիչների զինված ճեղքման ևս մեկ փորձ Հալեպի և Համայի ուղղությամբ: Հենց Իսրայելը սկսում է հարվածել Սիրիային, ահաբեկիչները փորձում են ճեղքել սիրիական բանակի, շիական և հայկական աշխարհազորի դիրքերը:

Բրիտանական Reuters գործակալությունը, դատարկ ձայն չէ: Այս գործակալության հաղորդագրությունները գրեթե միշտ անգլիական պետության դիրքորոշումն են: Եվ հանկարծ, հուլիսի 18-ին Reuters գործակալությունը հայտարարում է Ռուսաստանի «ցամաքային զորքերի» և «հատուկ ստորաբաժանումների» Իդլեբ գավառում մարտական գործողություններին ենթադրյալ մասնակցության մասին։ Հաղորդման մեջ հղում էր արվում «ապստամբների» չնշված հրամանատարներին (այսինքն`ահաբեկիչներին) և պնդում էին, որ Ռուսաստանի հատուկ ուժերը Սիրիայի կառավարական ուժերի հետ միասին ենթադրաբար մասնակցում են Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող «ընդդիմության» վերջին բաստիոնի համար մղվող մարտերին: Հիշեցնեմ Հայաստանի քաղաքացիներին, որ Իդլեբում չկա ոչ մի «ընդդիմություն»: Սիրիական բանակին և տարբեր աշխարհազորայիններին դիմակայող հիմնական ուժերը «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման և թուրքամետ ահաբեկչական խմբերի տարբեր ստորաբաժանումների ավազակներն են, որոնցից ամենամեծը «Հիզբ-ուտ-Թուրքեստան» խմբավորումն է («Թուրքեստանի կուսակցություն»)։ Այս խմբում կան ավազակներ Կենտրոնական Ասիայից, Ադրբեջանից, Վրաստանից, Չինաստանից և այլն:

«Ընդդիմադիր ապստամբների» և Reuters գործակալության կեղծիքին վիճակված չէր երկար գոյատևել։ Արդեն հուլիսի 18-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ռուսաստանի «ցամաքային զորքերի» և «հատուկ ստորաբաժանումների»՝ Իդլեբ գավառում մարտական գործողություններին ենթադրյալ մասնակցության մասին հաղորդագրությունները կեղծ է անվանել։ «Բրիտանական Reuters տեղեկատվական գործակալության տարածած տեղեկատվությունը Ռուսաստանի «ցամաքային զորքերի» և «հատուկ ստորաբաժանումների»՝ Իդլեբ գավառում մարտական գործողություններին ենթադրյալ մասնակցության մասին հերթական կեղծիք է»,- հայտարարել են ռուսական ռազմական գերատեսչությունում: ՌԴ պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ 2017-ի ռուս-թուրքական համաձայնագրերին համապատասխան, «Իդլեբի դեէսկալացիայի» գոտու երկայնքով տեղակայված են  ռուսական ռազմական ոստիկանության միայն դիտորդական հենակետեր, որոնք իրենց թուրք գործընկերների հետ համատեղ վերահսկում են հրադադարի ռեժիմը:

Reuters անգլիական գործակալության և Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջև բանավոր «պատերազմում», ինչպես տեսնում ենք, հաղթել է Մոսկվան։  Քանի որ այդ պահին Թուրքիան լռում էր, մինչդեռ միայն Անկարան կարող էր հաստատել կամ հերքել ինչպես «ընդդիմադիր ապստամբների» հայտարարությունները, այսինքն` նույն «Հիզբ-ուտ-Թուրքեստան» կուսակցությունից իրենց խնամակյալների պնդումները, այնպես էլ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատասխան հայտարարությունները։ Բայց Թուրքիան լռում էր. նրան ձեռնտու չէր «երևալ»: Իսկ թե ինչո՞ւ․ դա ցույց տվեց Սիրիայի վրա հերթական իսրայելական ավիա-գրոհը՝ Թուրքիայի կողմից վերահսկվող խմբավորումները պատրաստվում էին Իդլեբից ճեղքելու հերթական փորձին: Եվ արդեն հայտնի է, որ հուլիսի 24-ի առավոտից Իդլեբի դեէսկալացիայի գոտում գտնվող գրոհայինները գնդակոծել են Համայի, Լաթակիայի և Հալեպի նահանգների 8 բնակեցված տարածքները: Այդ մասին պաշտոնապես հայտարարել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Բակինը: Գեներալի մոտ եղած տեղեկությունների համաձայն մեկ օրվում գրոհայինները գնդակոծել են Համա նահանգի Սկալբիա, Շարիա, Քֆար-Նբուդա, Հուայզ և Ջալամա, Հալեպի նահանգի Ջամալիա, ինչպես նաև Լաթակիա նահանգի Ռուայսեթ-էլ-Հորշ և Մորտլու բնակավայրերը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ Բակինը նաև նշել է, որ կենտրոնի ներկայացուցիչները շարունակում ապահովել տասը անցակետի աշխատանքը՝ փախստականների վերադարձի համար:

Ինչ-որ մեկը կհակառակվի ինձ․ չէ ՞որ, Իսրայելը հարվածել է Սիրիայի հարավում՝ Դարյաա քաղաքի մոտակայքում, այլ ոչ թե հյուսիսում: Բանն այն է, որ Իսրայելի հարվածները հիմնականում նախատեսված են սիրիական բանակի և նրա դաշնակիցների ուշադրությունը շեղելու համար: Եվ այդ պատճառով նշանակություն չունի, թե որտեղ է հարվածում Իսրայելը: Այնուամենայնիվ, դեռ ոչ մի իսրայելյան ծովահենային խառնաշփոթ չի խանգարել Սիրիային, Իրանի ռազմական խորհրդականներին և տարբեր աշխարհազորայիններին շարունակել նախապատրաստվել Իդլեբ նահանգի «մաքրմանը» թուրքամետ ուժերից: Այդ իսկ պատճառով ես պնդել և պնդում եմ, որ Սիրիայում տեղի ունեցող պատերազմի ամբողջ ընթացքում Թուրքիան և Իսրայելը եղել են ռազմական դաշնակիցներ, այլ ոչ թե հակառակորդներ: Նշվածի հետ կապված հիշեցնեմ, որ դեռ այս տարվա հունիսի վերջին Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մատնանշել է Իդլեբում ջիհադական ահաբեկիչների անկարգությունների մասին և ևս մեկ անգամ կոչ արել Թուրքիային դադարեցնել գրոհայինների ճեղքումները Իդլեբից։ Միևնույն ժամանակ ռուսական շատ ԶԼՄ-ներում կրկին սկսվել են հրապարակումներ այն մասին, թե ինչն է բաժանում Ռուսաստանի և Թուրքիայի շահերը Մերձավոր Արևելքում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում: Փորձը ցույց է տալիս, որ մեզ կարող է սպասվել Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունների «սառեցման» հերթական ժամանակաշրջանը…

Սերգեյ Շաքարյանց