Քաղաքացիների բողոքների հետքերով պատգամավորները մեկնել են Բագրատաշենի մաքսակետ

ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը և հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը հուլիսի 23-ին այցելել են Բագրատաշենի անցակետ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը։

«Այցի հիմնական նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին, բարձրաստիճան պաշտոնյաների և ոլորտի մասնագետների հետ քննարկել խնդիրները, գտնել լուծումներ` ի շահ բոլորի»,-ասել է Միքայել Մելքումյանը:

Հանձնաժողովի նախագահի հավաստմամբ՝ վերջին շրջանում քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ են ստացվել Բագրատաշենի անցակետում կուտակումների վերաբերյալ: 2018 թվականին Հայաստան է ներկրվել 67 հազար ավտոմեքենա, այս տավա ընթացքում` հուլիսի վերջի դրությամբ`այդ ցուցանիշը կլինի 71 հազար, իսկ 2019-ի տարեվերջին`կհասնի շուրջ 150 հազարի:

Միքայել Մելքումյանը կուտակումների երեք հիմնական պատճառ է առանձնացրել. առաջիկայում կբարձրանա երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման գինը, ավելացել է զբոսաշրջիկների և Թուրքիայից ապրանքներ ներմուծողների թիվը և երրորդ՝ մաքսակետն ունի ոչ բավարար թողունակություն:

Մշտական հանձնաժողովի նախագահի տեղեկացմամբ՝ մաքսատան պատասխանատուները հավաստիացրել են, որ ձևակերպումների գրասենյակների տարածքները կընդարձակվեն, իսկ հայտարարված մրցույթի արդյունքում մաքսազերծող աշխատակիցների թիվը կավելանա: Պատգամավորը նաև ընդգծել է, որ մաքսատանը չի գործում բուսասանիտարիայի ծառայությունը, ինչն իր հերթին նոր խնդիրներ է առաջացնում:

Միքայել Մելքումյանը դիմելու է գործադիր իշխանությանը՝ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների անցուղիների առանձնացման հարցով: «Այդ խնդիրը պետք է հրատապ լուծում ստանա»,- ասել է նա: