Ո՞ր ջոկատներում են կռվում ազերի վարձկանները Սիրիայում

Սիրիայից և Իրանից հաղորդագրություններն առ այն, որ նոյեմբերի 10-ին ԱՄՆ-ի զինվորականներն իրենց կասկածելի գործունեությամբ նորից են «երևակվել», ստիպում են վերադառնալ իրանա-ադրբեջանական հարաբերությունների և սիրիական պատերազմում  «Թուրքեստանի Իսլամական կուսակցության» /ԹԻԿ/ («Հիզբ ալ-Իսլամի աթ-Թուրքիստանի») մասնակցության թեմաներին։

«Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչների խմբին ամերիկյան ուղղաթիռներով տարհանելու մասին հաղորդագրություններում մենք տագնապահարույց ենք համարում այն, որ, ինչպես իրենք՝ այդ տեղեկությունների աղբյուրներն են խոստովանում, իրենց հայտնի չէ, թե ինչ ուղղությամբ են Սիրիայից հեռացել ԱՄՆ ՌՕՈւ-ի ուղղաթիռները։ Տարհանումը կատարվել է հայերի համար բավականին կարևոր Դեյր-էզ-Զոր նահանգից և նույնիսկ Իդլիբի որոշ վայրերից։ Հենց Իդլիբում են կռվում ԹԻԿ-ի ահաբեկիչները, բացի դրանից, վերջերս սահմանային Այն-էլ-Արաբ (Կոբանի) քաղաքը գրոհելու Թուրքիայի փորձի ժամանակ այդ կուսակցության ահաբեկիչները փորձել են խանգարել Քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին /ՔԺԻՋ-YPG/, այսինքն` Դեյր-էզ-Զոր նահանգում և մոտակայքում «թուրքեստանցիներ» հաստատ կան:

Ուզում ենք հիշեցնել սիրիական պետական SANA գործակալության վերջերս հրապարակած հաղորդագրություններից մեկը ԹԻԿ խմբավորման էության մասին․ «․․․ԹԻԿ-ի հրոսակախմբերի շարքերում հարյուրավոր օտարերկրյա վարձկաններ կան, ովքեր սիրիական տարածքներ են թափանցել թուրքական սահմանով։ Նրանք խաղաղ բնակչությանն օգտագործում են որպես կենդանի վահան»։ Ռուսական և իրանական զինվորական աղբյուրները Իդլիբից նույնիսկ ս․թ․ սեպտեմբերի վերջին, հոկտեմբերի սկզբին հաղորդում էին, որ տարբեր խմբավորումների գրոհայիններ օգտվելով այն հանգամանքից, որ Թուրքիան Իդլիբի ապառազմականացման գոտու ասես «խնամակալն» ու երաշխավորն է համարվում, հաճախ միանում են ԻՊ խմբավորման կամ «Ալ Քաիդայի» ջոկատներին։ Արդյունքում՝ գործնականում անհնար է որոշակիացնել, թե ով ով է, թեև Անկարան փորձում էր և փորձում է ԹԻԿ ջոկատները քողարկել «սիրիական չափավոր ընդդիմության» դիմակի տակ։

Անշուշտ, աշխարհի տարբեր երկրներից եկած թյուրքալեզու վարձկաններին ինչ-որ ժամանակ կարելի է ներկայացնել որպես, այսպես կոչված, «թուրքոմաններ»։ Սակայն, ինչպես ասում են, «գողի ու ․․․ վերջը քառասուն օր է»։ Թուրքիայի հովանու ներքո «սիրիական չափավոր ընդդիմության» մասին հեքիաթների բարձրաձայնման ժամանակներն, ըստ ամենայնի, ավարտվում են։ Մենք ավելի ու ավելի հաճախ ենք և այստեղ և այնտեղ, նույնիսկ «հյուսիսային» ԶԼՄ-ներում կարդում, որ Իդլիբի ազատագրման ժամանակն անխուսափելիորեն մոտենում է։ Ի դեպ, ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) ռուսական «Կրասուխա» համակարգի գործարկումից հետո նույնիսկ արևմտյան ու իսրայելական ռազմական օդուժի թռիչքները Սիրիայի այդ հատվածում փաստորեն զրոյացել են։

Զգում եմ, որոշ ընթերցողների մոտ աճում է տարակուսանքը՝ իսկ ի՞նչ կապ ունեն այստեղ իրանա-ադրբեջանական հարաբերությունները։ Բացատրությունը պարզ է․ ԹԻԿ ջոկատների վարձկանները, չվիճենք, ծագումով թյուրք են։ Հնարավոր է՝ գլխավորապես Միջին Ասիայի հանրապետություններից։ Գրեթե հաստատ՝ նաև Ռուսաստանի մի շարք ինքնավար հանրապետություններից ու մարզերից։ Հիշո՞ւմ եք՝ 1-2 տարի առաջ Սիրիայից հաղորդագրություններ էին գալիս, որոնցում «պատմողները»․․․ ույղուրներ էին, ովքեր Սիրիա էին հասել Միջին Ասիա-Ադրբեջան-Թուրքիա երթուղով։ Այսպիսով, ԹԻԿ գրոհայինների շարքերում, ինչպես սպասելի է, ույղուրներ կան կամ՝ կային։ Իսկ թե որտեղի՞ց նրանք՝ Չինաստանից, Ուզբեկստանից, թե Ղրղզստանից, դա արդեն նշված երկրների անվտանգության մարմինների պարզելու գործն է։ Դատելով նրանից, որ Չինաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները մեկ-մեկ այցելում են Սիրիա (Սիրիայի, Ռուսաստանի ու Իրանի հետ համաձայնեցված), կարելի է եզրակացնել, որ Մերձավոր Արևելքում կան չինական Սինցզյանի այդ ույղուրները։

Հարց է առաջանում՝ ի՞նչ է, Բաքուն փոխաբեռնման կե՞տ է դարձել՝ վարձկաններին Սիրիա հասցնելու համար, կամ էլ այն ուղղակի զինվորագրման կե՞տ է։ Ո՞վ ասաց, որ հենց Ադրբեջանի քաղաքացիները չեն գնում Սիրիա՝ կռվելու ԹԻԿ շարքերում հանուն «համաթյուրքական գաղափարի»։ Թուրքը մնում է թուրք, նա Անտարկտիդայում էլ է թուրք։ Ինչո՞ւ մեկ-երկու հարյուր կամ հազար ադրբեջանցի չպետք ցանկանան գնալ Սիրիայի քրիստոնեական, քրդական, եզդիական, ալևիական, ասորական տներում դիակապտությամբ զբաղվելու։ Չէ՞ որ դա մեր հարևանների սիրելի զբաղմունքն է, մենք դա հիանալի հիշում ենք 1991-94 թթ․ Արցախյան պատերազմից, էլ չասած՝ Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, Հարթավայրային Արցախում, Նախիջևանում կատարված հայկական ջարդերից․․․

Հիշենք նաև այս տարվա հուլիսին Ադրբեջանի  Գյանջա և այլ քաղաքներում տեղի ունեցած իրադարձությունները։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն, հուլիսի 3-15-ն ահաբեկչական գործողություններ և անկարգություններ են եղել Գյանջայում։ Հետո զանգվածային ձերբակալություններ եղան ամբողջ հանրապետությունով մեկ։ Ադրբեջանի Գլխավոր դատախազության, ՆԳՆ և Պետանվտանգության ծառայության հուլիսի 6-ի համատեղ հայտարարության մեջ ոմն Յունիս Սաֆարովի (ով մահափորձ էր կատարել Գյանջայի գործադիր իշխանության ղեկավար Էլմար Վելիևի դեմ) վերաբերյալ նշված է․ «․․․Ռուսաստանի քաղաքացի Յունիս Սաֆարովի կատարած այդ հանցագործությունը նպատակամղված և ծրագրավորված ահաբեկչական ակտ է։ 2018 թ․ Սաֆարովը 8 ամիս ապրել է Գում (Իրան) քաղաքում, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացի Ռասիմ Ասադովի հետ մարտական պատրաստվածություն է ստացել Սիրիայում գոյություն ունեցող ռազմական խմբավորումների շարքերում»։

Ինչպես հայտնում էին պաշտոնական աղբյուրները, ահաբեկչության բոլոր դրվագների հետաքննությունն իր անձնական հսկողության տակ է վերցրել նախագահ Իլհամ Ալիևը, ով դրանից առաջ անկարգությունները հրահրելու մեջ մեղադրել էր ինչ-որ «արտաքին ուժերի»։ Այդ պետության ԱԳՆ խոսնակ Հիքմետ Հաջիևը նույնպես խոսել էր «արտաքին ուժերի» մասին, ընդ որում, ընգծել, որ «խոսքը ոչ միայն Հայաստանի մասին է»։ Իսկ, ահա, Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավար Թոֆիկ Զուլֆուգարովը (ով շատ մոտ է Ալիևների ընտանիքին) Minval.az կայքում հուլիսի 11-ի իր մեկնաբանությունում նույնիսկ կտրուկ էր․ իբր այդ ամենը Իրանն է սարքել։ Գիտենալով, թե ինչ ասել է թրքացած քուրդ Իլհամ Ալիևի ապշերոնյան ռեժիմը, չեմ կասկածում, որ Գյանջայի ահաբեկչության վերաբերյալ  Իրանի դեմ մեղադրանքներով Զուլֆուգարովին ստիպել է ելույթ ունենալ հենց Ալիևների կլանը և հենց ինքը՝ Իլհամ Հեյդար օղլին։ Գյանջայի փողոցների խառնիխուռն փաստերը «Իրանի ձեռքի գործ» ներկայացնելով, Բաքուն այդպես էլ չհայտնեց, թե ու՞մ կողմից էր Սիրիայում կռվում այդ Սաֆարովը, այն էլ՝ Ռուսաստանի քաղաքացի։

Եթե Սաֆարովը Իրանի կողմից էր և նա «Իրանի ձեռքն է», ապա, երևի թե, տրամաբանական կլիներ սպասել, որ Ադրբեջանն ամբողջ աշխարհին կհայտներ այն շիական աշխարհազորի մասին, որի շարքերում էր Սաֆարովը։ Շիական, որովհետև բոլոր շիա աշխարհազորայիններին հովանավորում են հենց Իրանը։ Սակայն, Ի․ Ալիևն այդպես էլ ոչ մեկի և ոչնչի անուն չտվեց, չհայտնեց, թե ինչ «արտաքին ուժեր» ի նկատի ուներ, ոչ էլ ասաց, թե որ ջոկատներում է «մարտական պատրաստվածություն ստացել» Յ․ Սաֆարովը։

2018 թ․ հուլիսին շատ փորձագետներ հասկացան, որ Ալիևների ընտանիքը հակաիրանական մեղադրականը ընդամենը «պաս տվեց» ԱՄՆ-ի և Իսրայելի կառավարող շրջանակներին, որոնք հենց ամռանը վերսկսեցին մեղադրել Թեհրանին միջազգային ահաբեկչությանը մասնակից լինելու մեջ։ Սակայն, Սիրիայի այսօրվա իրողությունները, հատկապես կապված թուրքամետ «Թուրքեստանի Իսլամական կուսակցության» հետ, ստիպում են լրջորեն մտածել, որ Գյանջայի «ահաբեկիչ» Սաֆարովը Սիրիայում գտնվում էր հենց «Թուրքեստանի Իսլամական կուսակցության» գրոհայինների շարքերում։ Հետևաբար, նա կարող էր հավաքագրված լինել նույն Թուրքիայի, Իսրայելի կամ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից։ Ծրագիրը նույնն է․ ցանկացած միջոցներով օգտագործել Ադրբեջանն Իրանի դեմ։

 

Սերգեյ Շաքարյանց