Հյուսիսային Կորեան նույնիսկ չի ժպտա իրեն ոչ ատոմային երկիր դարձնելու ԱՄՆ-ի հիմար գաղափարի վրա

«Ուժն է ծնում իրավունք» կարգախոսով առաջնորդվող, իր միջազգային և երկկողմ պայմանավորվածությունները մեկը մյուսի հետևից խախտող ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության հետևանքով Միացյալ Նահանգներն արագորեն կորցնում է իր վստահությունը գրեթե ողջ աշխարհում։

Ինչպես հայտնի է, Հյուսիսային կորեան հրաժարվեց իր միջուկային ու հրթիռային ծրագրերից, այսինքն՝ երկրի միջուկային և հրթիռային կարողությունների հետագա զարգացումից, որպեսզի ԱՄՆ-ը չեղարկի ԿԺԴՀ դեմ իր պատժամիջոցները։ Հյուսիսային Կորեան փակեց իր միջուկային ռազմափորձարանը, գնաց էական այլ զիջումների, ժամանակ առաջ միմյանց ոչնչացնելով սպառնացող հիշյալ երկրների ղեկավարները հանդիպեցին միմյանց, իրար ձեռք սեղմեցին, ինչ-որ պայմանավորվածություններ ունեցան ու լավատեսորեն բաժանվեցին։

Սակայն, Հյուսիսային Կորեան օրերս հարկադրված եղավ ԱՄՆ-ին սպառնալ իր միջուկային ներուժի հզորացման քաղաքականության վերսկսմամբ, եթե ԱՄՆ-ն չեղյալ չհայտարարի ԿԺԴՀ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները:

Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարության հրապարակած հայտարարության մեջ նշված է, որ Հյուսիսային Կորեան կարող է վերադառնալ միաժամանակ միջուկային ուժի մեծացման և տնտեսական զարգացման քաղաքականությանը, եթե ԱՄՆ-ն չփոխի իր դիրքորոշումը: Հյուսիսային Կորեան ավելի վաղ սպառնացել էր, որ եթե Միացյալ Նահանգների թշնամական քաղաքականությունը նույն տեմպերով շարունակվի, ապա ինքը դուրս կգա Վաշինգտոնի հետ բանակցությունների գործընթացից:

«ԱՄՆ-ն ենթադրում է, որ պատժամիջոցների քաղաքականության միջոցով կարող է Հյուսիսային Կորեային հորդորել ու սպառնալ, որպեսզի վերջինս դառնա ոչ ատոմային երկիր, մինչդեռ այս երկիրը նույնիսկ չի ժպտա նման հիմար գաղափարի վրա»,- նշված է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ հայտարարության մեջ: