Տիրան Խաչատրյանը պաշտոնից ազատվել է Սահմանադրության ու օրենքների բազմաթիվ խախտումներով. Վարուժան Ավետիքյան
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը Սահմանադրության ու օրենքների բազմաթիվ ու կոպիտ խախտումներով է ազատվել զբաղեցրած պաշտոնից: Եվ իրենց ընկերությունը (TK & Partners իրավաբանական ընկերություն.- խմբ.) ստանձնել է Տիրան Խաչատրյանի շահերի պաշտպանությունը:
«Հայտնում եմ, որ մեր ընկերությունը ստանձնել է Հայաստանի ազգային հերոս, գեներալ – լեյտենանտ Տիրան Խաչատրյանի շահերի պաշտպանությունը: Իրավական խնդիրների մանրակրկիտ ուսումնասիրման արդյունքում համոզվել ենք, որ հայոց բանակի բարձրաստիճան սպան Սահմանադրության ու օրենքների բազմաթիվ ու կոպիտ խախտումներով է ազատվել զբաղեցրած պաշտոնից:
Նշում եմ նաև, որ օրենքի համաձայն դատարանի կողմից հայցը վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը, այսինքն ՀՀ նախագահի հրամանագիրը` մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Օրենքի շրջանակներում անելու ենք ամեն ինչ, որ խնդրո առարկա ազատման հրամանագիրը դատական կարգով անվավեր ճանաչվի», – գրել է Վարուժան Ավետիքյանը։

