Կյանքը ապաստարաններում. Associated Press-ի անդրադարձը պատերազմին (լուսանկարներ)

Associated Press պարբերականը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև մոլեգնող պատերազմին։ Թերթը գրում է, որ չդադարող գնդակոծությունների պայմաններում շատ բնակիչներ հրթիռներից ու հրետանային արկերից պատշպանվելու համար ապաստանել են նկուղներում։

Մի քանի ընտանիքներ, այդ թվում՝ երեխաներ և տարեց կանայք, ապաստան են գտել Ստեփանակերտի դպրոցի նկուղում, գրում է աղբյուրը՝ նշելով, որ «փոքր երեխաները խաղում և ծիծաղում էին, մինչև կանայք կերակուր էին պատրաստում և փորձում տաքացնել սառը դպրոցական նկուղը»։

Տեղի բնակիչներից մեկը թերթի թղթակցին հայտնել է, որ իր հինգ որդիներն առաջնագծում են՝ ընդգծելով, որ «նրանք պայքարում են Արցախում ապրելու իրենց իրավունքի համար»։

Թերթը նաև ընդգծում է, որ Թուրքիան բացահայտ աջակցում է Ադրբեջանին, իր երկրում պատրաստում է ադրբեջանցի զինվորականներին և նրանց անօդաչու թռչող սարքեր և հեռահար հրթիռային համալիրներ տրամադրում։