ԱԴԾ-ը կանխել է ահաբեկչություններ Վոլգոգրադում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ուֆայում և Մայկոպում

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Վոլգոգրադում կանխել է «Քաթիբա Թաուհիդ վալ-Ջիհադ»-ից միջազգային ահաբեկչական բջիջների գործունեությունը:

Նրա անդամները՝ ծնունդով Կենտրոնաասիական տարածաշրջանից, քաղաքում ահաբեկչություններ են ծրագրել:

«Ձերբակալության ժամանակ պարագլուխն ու նրա համախոհը, որոնք փորձել են Վոլգոգրադում նախապես սարքավորված պահոցից միջոցներ դուրս բերել, զինված դիմադրություն են ցուցաբերել, սակայն արդյունքում ոչնչացվել են»,-հայտնել են գերատեսչության հասարակայության հետ կապերի կենտրոնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Խուզարկության ժամանակ ուժայիններն առգրավել են հրազեն, զինամթերք, քիմիական բաղադրիչներ, ինքնաշեն պայթուցիկ սարքեր, ինչպես նաև կրոնական բնույթի գրականություն և Վոլգոգրադի քարտեզը, որի վրա նշված են եղել վայրերը, որտեղ ահաբեկչություններ էին ծրագրվում:

Ահաբեկչությունների նախապատրաստումը համակարգվել է Սիրիայից, իսլամիստները մտադիր են եղել պայթեցնել իշխանության մարմինների շենքերը, զինվորականների հանրակացարանը, վտանգավոր արտադրություններ և Մայր-հայրենքի արձանը:

Ձերբակալություններ են իրականացվել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ուֆայում և Մայկոպում:

Ինչպես հունիսի կեսերին հայտարարել է ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, վերջին 10 տարում Ռուսաստանում կանխվել է 160 ահաբեկչություն, 2019-ին՝ 43, 2020-ին՝ ավելի քան 20: