Արտակարգ դրությունը երկարաձգելու փոխարեն կարանտին հայտարարելու փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ. ԼՀԿ և ԲՀԿ դեմ քվեարկեցին

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների և հարակից օրենքների փոփոխության նախագիծը։

Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ առաջարկվող օրենսդրական փաթեթը ուղղված է ապահովելու անհրաժեշտ օրենսդրական գործիքակազմ, որի ընդունման արդյունքում հնարավորություն կնձեռի կիրառել որոշակի միջոցառումներ և ՀՀ-ում մինչև սույն թվականի սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրությունը այլև չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել նախագծվող առաջարկվող կարգավորումները։

Քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտնել էին, որ իրենք դեմ են քվեարկելու օրինագծերի փաթեթին: Արդյունքում՝ առաջին ընթերցմամբ նախագծին կողմ քվեարկեց 80 պատգամավոր, դեմ` 28:

Նոր փոփոխություններով առաջարկվում է  Վարակիչ հիվանդությունների` Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման (ներթափանցման), դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին:

Կարանտին սահմանելու մասին որոշումը լիազոր մարմնի առաջարկությամբ կայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, մարզպետը, Երևանի քաղաքապետը` Երևան քաղաքում։

Այն դեպքերում, երբ կարանտին կսահմանվի կառավարության կողմից, հնարավոր կլինեն նաև ավելի խիստ միջոցառումներ՝ հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ, իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում, ապրանքների փոխադրման սահմանափակումներ, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ, սահմանափակումներ ՏԻՄ-երում կամ այլ հաստատություններում:

Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նշել էր, որ  անձանց տեղորոշումը և վարակակիրների հայտնաբերումը էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով այլևս չի կիրառվելու։ Արտակարգ դրության օրենքով սահմանված կարգով  այդ տվյալները ոչնչացվելու են։