Արտակարգ դրությունը այլևս չի երկարաձգվի

Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում ներառված են «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների և հարակից օրենքների փոփոխության նախագիծը։ Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ առաջարկվող օրենսդրական փաթեթը ուղղված է ապահովելու անհրաժեշտ օրենսդրական գործիքակազմ, որը հնարավորություն կնձեռի կիրառել որոշակի միջոցառումներ և ՀՀ-ում մինչև սույն թվականի սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրությունը այլև չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել նախագծում առաջարկվող կարգավորումները։ Մասնավորապես, նոր փոփոխություններով առաջարկվում է՝  վարակիչ հիվանդությունների` Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման (ներթափանցման), դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին:

Կարանտին սահմանելու մասին որոշումը լիազոր մարմնի առաջարկությամբ կայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, մարզպետը, Երևանի քաղաքապետը` Երևան քաղաքում։

Կարանտին սահմանվելու դեպքում կարող են կիրառվել հետևյալ սահմանափակող միջոցառումները`

1) համաճարակի (կարանտինային) գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում.

2) «Պետական սահմանի մասին» օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում.

3) անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ.

4) օբսերվացիա.

5) ինքնամեկուսացում.

6) մեկուսացում:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ անձանց տեղորոշումը և վարակակիրների հայտնաբերումը էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով այլևս չի կիրառվելու։ Արտակարգ դրության օրենքով սահմանված կարգով  այդ տվյալները ոչնչացվելու են։