«Լիդիան». Մեր սեփական տարածքից հեռացրել ենք ապօրինի գույքը

«Այսօր առավոտյան «Լիդիան Արմենիան» նախաձեռնել է «Լիդիանի» օրինական տարածքում արդեն մոտ երկու տարի ապօրինի գտնվող վագոն-տնակների հեռացումը ընկերության տարածքից»,- հաղորդագրություն է տարածել «Լիդիան» ընկերությունը։

Ըստ աղբյուրի, «Լիդիան Արմենիան» ունի Ամուլսարի տարածքում աշխատանքներ իրականացնելու բոլոր թույլտվությունները, որոնք որևէ կերպ չեն չեղարկվել կամ նույնիսկ ժամանակավոր չեն դադարեցվել։

Ամուլսարում աշխատանքերի իրականացման միակ խոչընդոտը եղել է արդեն երկու տարի ապօրինի կերպով  «Լիդիանի» տարածք ներխուժած անձանց խումբը։

«Լիդիանը» երկու տարի փորձել է խուսափել բախումներից, ապավինելով օրենքի կիրառմանը, որն այդպես էլ երկու տարվա ընթացքում տվյալ հարցում չկիրարկվեց»,-մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Հայկական բնապահպանական ճակատը հաղորդագրություն էր տարածել, նշելով. ««Լիդիանի» վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է իրենց տեղից ու փոխարենը դրել իրենցը:

Սա խաղաղ դիմադրության իրավունքն իրացնելու նկատմամբ անընդունելի ոտնձգություն է: Մանավանդ, հաշվի առնելով, որ ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն, այդ վագոն-տնակները չէին գտնվում մասնավոր ընկերության տարածքում…»: