Իոաննիսյանը դեռ ոստիկանություն չի գնացել, բայց Փաշինյանի երեսով տվեց Արցախի խնջույքը
Քիչ առաջ զանգեցինք Մաշտոցի ոստիկանության բաժին, ներկայացանք որպես լրատվամիջոց և հետաքրքրվեցինք՝ ՀԽ անդամ, օրենքների անխոնջ պաշտպան, Հայաստանում ժողովրդավարության առաջամարտիկ և վերջերս էլ Պավլիկ Մարոզովի պատվավոր կոչումին արժանացած Դանիել Իոաննիսյանը ներկայացե՞լ է իրենց մոտ հատուկ տուգանվելու նպատակով, քանի որ երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե՝ աշխատասենյակից դուրս գալուց մոռացել է «հագնել դիմակը և այդպես, առանց դիմակի, հասել կայանատեղիում գտնվող մեքենային»։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ դիմակը դնում են, այլ ոչ թե հագնում, թեև չի բացառվում, որ այդ հանճարը դիմակի կիրառման այլ տարբերակներ գիտի և ինքը այն ինչ-որ տեղին հագնում է, և անդրադառնանք տուգանվելու պատմությանը։ Մի խոսքով նա որպես օրինապահ քաղաքացի ինքն իրեն դրա համար չէր ներել, թեև, ինչպես ինքն է ներկայացրել, այդ ընթացքում որևէ մեկի հետ չի շփվել (առավելևս` մոտիկից)․․․ «սակայն դա կարգի խախտում է և ես վաղը կդիմեմ Ոստիկանության Մաշտոցի բաժին, որ ինձ տուգանեն. Օրենքը բոլորի համար է: Օրենքի առաջ բոլորը հավասար են: Սովորաբար քաղաքացիներին այսպիսի ոչ էական խախտումների համար չեն տուգանում, բայց եթե ես այլոցից պահանջում եմ հետևել կանոններին, ապա իմ նկատմամբ օրենքը պիտի առավել խիստ լինի»,- եզրափակել էր Դանիելը:
Ավելի ուշ, իհարկե, հայտնի դարձավ, որ երիտասարդին նկատել էին առանց դիմակի դրսում քայլելիս և հանրայնացրել, որ Դանիելը, որը այդպես քրտնաջան կռիվ էր տալիս մարդկանց հետ դիմակ չկրելու համար, ինքը դիմակ կրելու հարցում այնքան էլ խստապահանջ չէ։ Եվ դրանից հետո նա որոշել էր իրեն պատժել։ Ի դեպ, ավելի ուշ նա նորից էր այդ թեմայով գրառում արել՝ Նիկոլ Փաշինյանի երեսով տալով Արցախի խնջույքը․ «Ինչ հավես է, որ իմ կողմից մի պահ դիմակ չհագնելը, մեկ այլ քաղաքացու կողմից դրա մասին բարձրաձայնելը և ապա իմ կողմից կամովին տուգանվելու մասին հայտարարելը այդքան ուրախացրեց ՖԲ-ին։
Այդուհանդերձ նշեմ, որ սա պրինցիպիալ մոտեցում է։ Ես չէի դնելու ու արդարանայի, որ թե բա եղածը մի 30 մետր էր ու այդ ընթացքում հաստատ վարակ չեմ տարածել։
Եթե ես պահանջատեր եմ այլոց նկատմամբ, ապա այդ հարցում իմ պահվածքը պետք է լինի անբիծ։
Հ.Գ. Իսկ քննադատողների կարծիքով ինչպիսի՞ն պետք է լիներ իմ մոտեցումը/ռեակցիան։ Ես հո չէի անելու այն, ինչ Նիկոլ Փաշինյանը արեց Արցախի հայտնի խնջույքի մասով»։
Բայց պարզվում է մեր սիրելի Պավլիկ Մարոզովն այնքան էլ սկզբունքային չէ, քանի որ Մաշտոցի ոստիկանության բաժնի հերթապահ ոստիկանը շատ սիրալիր պատասխանեց մեզ, որ իրենք էլ էին սպասում Իոաննիսյանին, բայց նա դեռ չի ներկայացել բաժին։ Թերևս մեր այս հրապարակումից հետո նա այլ ճար չի ունենա, քան ոստիկանություն շտապելը։
Հ.Գ. Շնորհակալ եմ այն քաղաքացուց, ով նկատեց ու բարձրաձայնեց:
Թագուհի Ասլանյան


