ԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը․ լրատվամիջոց
Միացյալ Նահանգներն այս շաբաթ մտադիր է հայտարարել Եվրամիությունից, Չինաստանից ու ևս 14 երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերի բարձրացման մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Վկայակոչելով վարչակազմի ծրագրերին ծանոթ աղբյուրներին՝ թերթը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է բարձրացնել մաքսատուրքերը Չինաստանի և տասնյակ այլ երկրների նկատմամբ, որոնք, ըստ Թրամփի վարչակազմի, վնասում են ամերիկյան ընկերություններին՝ աջակցելով սեփական արդյունաբերական արտադրությանը։
Ակնկալվում է, որ առաջիկա օրերին ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը կներկայացնի ԵՄ-ում և 15 երկրներում արդյունաբերության սուբսիդավորման վերաբերյալ հետաքննության արդյունքները։ Ըստ լրատվամիջոցի՝ Գրիրը կարող է հայտարարել, որ այդ սուբսիդիաները և պետական աջակցության այլ ձևերը հանգեցրել են նշված երկրներում արտադրական հզորությունների ավելցուկի գոյացման, ինչի հետևանքով նրանց ընկերություններն էժան ապրանքներով են ողողել համաշխարհային շուկան։ ԱՄՆ վարչակազմում համարում են, որ դա վնասում է ամերիկյան արտադրողների գործունեությանը։
Կարևոր է նաև նշել՝ պարբերականի զրուցակիցները չեն բացառել, որ այս հակաքայլերի մասին հայտարարելու ժամկետը կարող է փոխվել։

