Ապօրինի ծագման գույք և քրեական գործով անցնող Ապարանի համայնքապետը դարձել է ՔՊ-ի թեկնածուն

Ապարանի համայնքապետի՝ իշխանական թեկնածու Կարեն Եղիազարյանի գլխին դամոկլյան սրի պես կախված է ինչպես ունեզրկման, այնպես էլ դատապարտման վտանգը։

2026 թ. նոյեմբերի 29-ին Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին մասնակցող միակ թեկնածուն իշխանական է՝ գործող համայնքապետ Կարեն Եղիազարյանը, որն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցություններից բաղկացած «Համերաշխություն» դաշինքով։

«Փաստինֆո»-ն գրում է, որ ՔՊ թեկնածուի վերաբերյալ, սակայն, թե՛ քրեական գործ կա, թե՛ ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարույթ։ Մասնավորապես՝ շուրջ երեք տարի է, ինչ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լիլի Դրմեյանի վարույթում է գտնվում Կարեն Եղիազարյանի, Լիանա Եղիազարյանի և Սիրուն Սարգսյանի դեմ դատախազության ներկայացրած՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործի քննությունը։

Դատախազությունը պահանջում է Սիրուն Սարգսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության որպես ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձել «Ակբա բանկ» ԲԲԸ-ում նրա անվամբ բացված հաշվեհամարին առկա 3 մլն 800 հազ. դրամ ավանդը, իսկ անհնարինության դեպքում՝ դրան համարժեք գումար, ինչպես նաև մինչև վճռի փաստացի կատարումը դրա վրա հաշվեգրված տոկոսագումարները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ: Վերոնշյալից զատ՝ պահանջվում է Կարեն Եղիազարյանից և Սիրուն Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել մոտ 107 մլն 445 հազ. դրամի չափով գումար, որն, ըստ դատախազության, չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: Բացի այդ, դատախազությունը պահանջում է բռնագանձել մոտ 167 մլն 655 հազ. դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ:

Նշված գործընթացից զատ՝ Կարեն Եղիազարյանի նկատմամբ քրեական հետապնդում ևս հարուցված է։ Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Դավթյանի վարույթում գտնվող գործով Կարեն Եղիազարյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2021 թ. դեկտեմբերի 8-ից տեղեկացված լինելով Ապարան բնակավայրում «Ապարան Ջուր» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ինքնակամ շինարարության վերաբերյալ, չի ձեռնարկել իր լիազորություններից բխող համապատասխան միջոցներ, ինչի հետևանքով տեղական ինքնակառավարման մարմինը զրկվել է ակնկալվող 1 մլն 500 հազ. դրամ եկամտից։ Այս գործով Եղիազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է եղել բացակայելու արգելքը, որը հետագայում վերացվել է։

Ի դեպ, գործի քննությունը մոտենում է ավարտին. «Դատալեքս» համակարգում առկա տեղեկատվությունից պարզ է դառնում, որ գործով կողմերը եզրափակիչ ելույթներով են հանդես գալիս, և, ըստ ամենայնի, առաջիկա օրերին կլինի վերդիկտ և լրացուցիչ դատալսումներ։ Հաջորդ դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 15-ին՝ ՏԻՄ ընտրություններից հետո։