Թուրքիայում ընդդիմադիր 9 գործիչ դատապարտվել է ազատազրկման

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) 2023թ. 38-րդ համագումարում քվեարկության արդյունքները կեղծելու մեղադրանքով Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն և ևս 8 անձ դատապարտվել են 2 տարի 1 ամիս ժամկետով ազատազրկման։ Դատարանը նրանց նկատմամբ սահմանել է նաև քաղաքական իրավունքներից զրկելու պատիժ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը: 

Սկզբում դատարանը մեղադրյալների նկատմամբ սահմանել էր 2 տարի 6 ամիս ազատազրկում, այնուհետև կիրառել է մեղմացուցիչ հանգամանքներ՝ կրճատելով պատժաչափը։

Գործը վերաբերում է 2023 թվականին տեղի ունեցած CHP-ի 38-րդ համագումարին, որի ընթացքում կուսակցության նախագահի պաշտոնում Քեմալ Քըլըչդարօղլուն պարտվել էր Օզգյուր Օզելին։ Համագումարի աշխատանքները ղեկավարել էր Էքրեմ Իմամօղլուն։

Ըստ մեղադրանքի՝ Օզելի օգտին քվեարկելու համար որոշ պատվիրակների գումար և բջջային հեռախոսներ են տրամադրվել, նրանց հարազատներն աշխատանքի են ընդունվել համայնքապետարաններում, ինչպես նաև բնակարաններ են հատկացվել։ 

Դատարանի վճիռը դեռ կարող է բողոքարկվել։ Քաղաքական իրավունքներից զրկելու որոշումն ուժի մեջ կմտնի միայն վճռի վերջնական ուժ ստանալուց հետո։