Եմենի կառավարական ուժերը նահանջել են հուսիթների դեմ պայքարում, Իրանը հարվածել է Բահրեյնին
Եմենի կառավարական ուժերը նահանջել են Բաբ էլ Մանդեբի նեղուցի շրջանից՝ հուսիթների դեմ մարտերում դիրքերը զիջելով։ Միաժամանակ Իրանը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազային։ «Region Monitor»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է «Reuters»-ը։
Սաուդյան Արաբիայի աջակցությունը ստացող եմենյան ուժերը հայտարարել են, որ իրենց ստորաբաժանումները դուրս են բերում Թաիզ նահանգի Դուբաբ օդանավակայանի և Բաբ էլ Մանդեբի նեղուցի շրջանից։ Նրանց խոսքով՝ առաջնահերթությունը Ադենի՝ կառավարության ժամանակավոր մայրաքաղաքի պաշտպանությունն է։ Զինվորական աղբյուրների տվյալներով՝ ուժերը տեղափոխվել են Ադենից մոտ 150 կմ հեռավորության վրա։
Նահանջը հետընթաց է հուսիթների դեմ վեցշաբաթյա ռազմական գործողության համար։ Անցյալ ամիս կառավարական ուժերին հաջողվել էր հետ գրավել նեղուցի մոտ գտնվող մի շարք դիրքեր, սակայն հուսիթներին ամբողջությամբ դուրս մղել չէր հաջողվել։ Վերջիններս շարունակում են վերահսկել Կարմիր ծովի ափամերձ տարածքների մի մասը։ Մարտերը ծանր իրավիճակ են ստեղծել նաև Թաիզում, որտեղ մոտ 150 հազար տեղահանված մարդ է ապաստանել։ Քաղաք մարդասիրական օգնություն չի հասնում, իսկ բնակիչները դժվարանում են հեռանալ։
Միաժամանակ Բահրեյնը հայտնել է, որ որսացել և ոչնչացրել է իրանական մի քանի անօդաչու թռչող սարք։ Երկրում է գտնվում ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի շտաբը։ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» հայտարարել է, որ վեց անօդաչու սարքով հարվածել է ամերիկյան ռազմաբազային։ Կորպուսի պնդմամբ՝ դա պատասխան էր ԱՄՆ-ի գործողություններին։
Լարվածությունը պահպանվում է նաև Հորմուզի նեղուցում։ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» հայտնել է, որ նավային ականների բախվելուց հետո երկու լցանավ հրդեհվել է։ «Reuters»-ը չի կարողացել անկախ աղբյուրներով հաստատել այդ տեղեկությունը։ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին երեքշաբթի նախատեսում է այցելել Օման՝ տարածաշրջանային ճգնաժամը քննարկելու համար։ Օմանը միջնորդական դեր է կատարում հակամարտության ընթացքում։

