Էստոնիան մտադիր է փակել Ռուսաստանի հետ սահմանը
Էստոնիայի իշխանությունները հայտարարել են Ռուսաստանի հետ սահմանը դեկտեմբերի 1-ից ամբողջությամբ փակելու մտադրության մասին։ Որոշման պատճառը էստոնական ընկերություններից մեկի տարածքում անօդաչու թռչող սարքեր արտադրող ձեռնարկությունն հրկիզելու փորձն է։ Էստոնիայի իրավապահ մարմինների վարկածով՝ միջադեպի հետևում կանգնած են Ռուսաստանի հատուկ ծառայությունները։
Մոսկվան սահմանը փակելու ծրագրերը որակել է որպես «ռուսատյացության» դրսևորում։
Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը փակելու մտադրության մասին կիրակի երեկոյան հայտարարել է Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը։ Նա կառավարությանը կոչ է արել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ շաբաթ օրը էստոնական Threod Systems ընկերության շենքը հրկիզելու փորձի կապակցությամբ։ Ընկերությունն արտադրում է, մասնավորապես, հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր։
Միխալը տեղի ունեցածը որակել է որպես Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից իրականացված հերթական դիվերսիոն փորձ։
Ավելի ուշ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան հայտարարել է, որ Էստոնիայի և Ռուսաստանի միջև գործող բոլոր երեք սահմանային անցակետերը կդադարեցնեն աշխատանքը դեկտեմբերի 1-ից։
Սահմանի փակման վերաբերյալ պաշտոնական որոշումը նախատեսվում է ընդունել այս շաբաթ։ Թե որքան ժամանակով կգործի սահմանափակումը, դեռևս հայտնի չէ։
«Ռուսաստանը պետք է հասկանա, որ Էստոնիայի նկատմամբ թշնամական գործողություններն իրենց հետևանքներն են ունենալու։ Մեզ վախեցնելու, ապակայունացնելու կամ մեր անվտանգությունը խաթարելու փորձերն անպատասխան չեն մնա»,- հայտարարել է Ցահքնան։

