Հորմուզի նեղուցում մեկ օրում ականների վրա երեք լցանավ է պայթել. ԻՀՊԿ
Անցած մեկ օրվա ընթացքում երեք լցանավ հրդեհվել է՝ Հորմուզի նեղուցի չնախատեսված հարավային երթուղով անցնելիս ականների վրա պայթելու հետևանքով: Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հասարակայնության հետ կապերի բաժինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Անցած մեկ օրվա ընթացքում կանոնները խախտած երեք լցանավ Հորմուզի նեղուցի չնախատեսված հարավային երթուղով անցնելիս ականների հետ բախվելուց հետո պայթել ու հրդեհվել են», – ասված է հայտարարության մեջ:
ԻՀՊԿ ՌԾՈւ տվյալներով՝ նավերն անջատել էին ռադիոլոկացիոն և նավագնացության համակարգերը և, չարձագանքելով նախազգուշացումներին, փորձում էին դուրս գալ նեղուցից արգելված երթուղով: ՌԾՈւ-ում հայտարարել են, որ այդ երթուղին վտանգավոր է, իսկ դրանով անցնելու պատասխանատվությունը կրում են նավատերերն ու անձնակազմերը, որոնք չպետք է ուշադրություն դարձնեն սոցիալական ցանցերում ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության «պատրանքներին»:
ԻՀՊԿ ՌԾՈւ ներկայացուցիչների խոսքով՝ ամերիկյան բանակի աջակցությամբ իրականացվող ցանկացած սադրիչ գործողություն, որն անտեսում է նեղուցով անցնելու կանոնները, վճռականորեն կանխվելու է:

