Հայաստանում կբացվի իրանագիտության և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոն

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության և Գլաձորի համալսարանի համատեղ նախաձեռնությամբ հոկտեմբերի 30-ին տեղի կունենա իրանագիտության և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը։

Ըստ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի՝ նորաստեղծ կենտրոնը կոչված է նպաստելու իրանագիտական հետազոտությունների զարգացմանը, Իրանի պատմության, մշակույթի, քաղաքականության և տարածաշրջանային գործընթացների գիտական ուսումնասիրությանը, ինչպես նաև հայ-իրանական ակադեմիական ու հետազոտական համագործակցության խորացմանը։

ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնը հայտնում է, որ կենտրոնի ստեղծումը կարևոր նախաձեռնություն է գիտական երկխոսության ընդլայնման, մասնագիտականվերլուծությունների խթանման և երկու երկրների գիտակրթական հաստատությունների միջև կապերի ամրապնդման տեսանկյունից։