Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում

Հայաստանն արդեն փաստացի դուրս է եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ): Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թալաաթբեկ Մասադիկովը։

«Մենք փաստաթղթեր ենք ուղարկում ներքին հաստատման։ Մենք նաև ամեն ինչ ուղարկում ենք Հայաստան։ Եվ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մենք պատասխան ենք ստանում, որ հայկական կողմը չի մասնակցում այս հարցի քննարկմանը և որոշումների կայացմանը, բայց դեմ չէ սահմանափակ ձևաչափով որոշումների կայացմանը։ Այսինքն՝ նրանք չեն խոչընդոտում մեր աշխատանքին. աշխատանքը շարունակվում է, և մենք որոշումներ ենք կայացնում։ Նրանք լսում են շաբաթական զեկույցները, բայց չեն մասնակցում մեր հիմնական միջոցառումներին, զորավարժություններին և այլն։ Հետևաբար, կարծում եմ, որ այստեղ գործում է ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը, ինչը նշանակում է, որ երբ անդամավճարները չեն վճարվում և քվոտային տեղերը չեն լրացվում, քվեարկության իրավունք չկա։ Սկզբունքորեն, նրանք արդեն փաստացի դուրս են եկել», – նշել է նա։

Թալաաթբեկ Մասադիկովն ընդգծել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները կարող են որոշում կայացնել Հայաստանի անդամակցության վերաբերյալ Հավաքական անվտանգության խորհրդի` նոյեմբերի 11-ին կայանալիք նստաշրջանում։