Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը Բաքվի համար զեկույց էր նախապատրաստում

Լրտեսության համար երեկ ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավար Աուգուստ Հաննինգը, ենթադրաբար, վերլուծական զեկույց էր պատրաստում Ադրբեջանի հետախուզության համար, գրում է Der Spiegel-ը՝ հղում անելով հետաքննությանը։

Պարբերականի տվյալներով` Հաննինգը անհայտ «գաղտնի» փաստաթղթեր է ստացել Դաշնային հետախուզական ծառայության (BND) աշխատակազմի իր նախկին ղեկավարի միջոցով և օգտագործել է դրանք զեկույց պատրաստելու համար։ Հետագայում այդ փաստաթուղթը, դատախազության տվյալներով, պետք է ուղարկվեր արտաքին հետախուզական անվտանգության ապարատի աշխատակցին։

Ենթադրյալ պատվիրատուն ադրբեջանական հետախուզության աշխատակից էր։ Միևնույն ժամանակ հայտնի չէ, թե արդյոք վերլուծությունը հասել է հասցեատիրոջը, թե ոչ։

Հաննինգը ղեկավարել է BND-ը 1998-2005 թվականներին։ Հետախուզությունը թողնելուց հետո նա դարձել է Գերմանիայի ներքին գործերի նախարարության պետքարտուղար, իսկ ավելի ուշ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։

Հաննինգի նկատմամբ հետաքրքրությունը սկսվել է նրա տանը և գրասենյակներում մեկ այլ գործով (գործարար Քրիստինա Բլոկի երեխաների ենթադրյալ առևանգման հետ կապված) 2025 թվականի սեպտեմբերին իրականացրած խուզարկություններից հետո։ Առգրավված նյութերը ուսումնասիրելիս ոստիկանությունը հայտնաբերել է էլեկտրոնային կրիչ, որը գերմանական հետախուզության գաղտնի փաստաթղթեր էր պարունակում, գրում է ՌԲԿ–ն։

Նյութերն այնուհետև փոխանցվել են դաշնային իշխանություններին, իսկ 2026 թվականի մայիսին գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Հաննինգի և հետախուզական ծառայության տեղեկատվության ենթադրյալ աղբյուրի նկատմամբ։