ՀՀ-ի կողմից ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների կարգավիճակի վերանայումը կարող է հանգեցնել գազի ոլորտում գործող արտոնությունների կորստի

Հայաստանի կողմից Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների կարգավիճակի վերանայումը կարող է հանգեցնել գազի ոլորտում գործող արտոնությունների կորստի։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

«Եթե Հայաստանի իշխանությունները արտաքին քաղաքականության «դիվերսիֆիկացման» շրջանակում ցանկանում են վերանայել այդ կարգավիճակը, դա նրանց իրավունքն է։ Սակայն այդ դեպքում ստիպված կլինեն հրաժարվել նաև այն արտոնություններից, որոնք Մոսկվան տրամադրում է բացառապես իր դաշնակիցներին»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը։

Կալուգինի խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև ձևավորված է լայնածավալ պայմանագրաիրավական բազա, որն ամրագրում է երկու երկրների հարաբերությունների արտոնյալ և դաշնակցային կարգավիճակը։

Ավելի վաղ Կալուգինը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են բարիդրացիության հիման վրա։ Նրա խոսքով՝ Մոսկվային և Բաքվին հաջողվել է «շրջել 2024 թվականի ավիավթարի էջը», որը, նրա գնահատմամբ, երկու երկրների համար ընդհանուր ողբերգություն էր։