Պեսկովն արձագանքել է ՌԴ-ում ժանտախտի հնարավոր տարածման վտանգի մասին լուրերին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Իրկուտսկի մարզում ժանտախտի վարակի մասին լուրերին, հայտարարել է, որ իրավասու մարմինը՝ Ռոսպոտրեբնադզորը հետևում է իրավիճակին։ Այս մասին հայտնում է РБК-ի թղթակիցը։
«Այս ոլորտում իրավասու գլխավոր գերատեսչությունը Ռոսպոտրեբնադզորն է։ Հենց նրա հայտարարություններով էլ պետք է առաջնորդվել։ Եկեք հետևենք նրանց հաղորդագրություններին», – ասել է Պեսկովը։
Նշենք, որ հոկտեմբերի 2-ին ՌԴ Իրկուտսկի շրջանի բնակչուհի է մահացել, նրան ախտորոշել էին ժանտախտ՝ թոքային ձևի կասկածով։ Նախնական տվյալներով՝ մահվանից առաջ նա բժիշկներին պատմել է, որ ախտորոշման համար կենսանյութ հավաքելու ժամանակ պատահաբար կոտրել է վարակի հարուցիչով փորձանոթը։
Իրկուտսկի շրջանում մեկուսացվել և հոսպիտալիզացվել է մոտ 200 մարդ, որոնք շփվել են նշված անձի հետ։
Կան տեղեկություններ այն մասին, որ Իրկուտսկ քաղաքում մի քանի հիվանդանոց երեք շաբաթով կարանտինի մեջ է։

