Հայաստան-Արգենտինա միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր են քննարկվել
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարիա Կարապետյանը և պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը հոկտեմբերի 2-ին հանդիպել են Արգենտինայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության հետ։
Ողջունելով հյուրերին՝ Սարգիս Խանդանյանը նշել է, որ Հայաստանի և Արգենտինայի միջև միջխորհրդարանական կապերն ամուր են և ընդգծել երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը։
Սենատոր Էդուարդո Ալեխանդրո Վիսչին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շնորհավորել է Սարգիս Խանդանյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Նա բարձր է գնահատել Ազգային ժողովի արդյունավետ գործունեությունը՝ ուղղված երկրի զարգացմանն ու միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը։
Պատվիրակության անդամներն ընդգծել են երկկողմ համագործակցության ընդլայնման կարևորությունը մի շարք առանցքային ոլորտներում, ինչպես նաև արժևորել միջազգային կառույցներում և բազմակողմ հարթակներում արդյունավետ փոխգործակցությունը։ Այս համատեքստում կարևորվել է երկկողմ փոխայցելությունների ակտիվացումը և միջխորհրդարանական երկխոսության շարունակականության ապահովումը։

