Նիկոլ հայադավն իր ցեղակցին՝ հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողին մի որոշ ժամանակ հետո կարտահանձնի Ադրբեջանին

Նախադեպերն են հուշում այդ մասին

 

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավի պաշտոնավարման օրոք գրեթե ողջ պետական համակարգում բարձիթողի վիճակ է, սահմանապահ ծառայությունը և բանակը բացառություն չեն: Եվ ամենևին պետք չէ զարմանալ, որ ադրբեջանցի զինծառայողը՝ Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը, զինված ինքնաձիգով, կարողացել է անարգել հատել Հայաստանի պետական սահմանը և հասնել Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի կազմում գտնվող Շաքի գյուղ:

Ինչո՞ւ էր մտել Մուսաևը Հայաստան… Պատահականորե՞ն, մոլորվե՞լ էր, թե առանց վերադասի հրամանի, անձնական վրիժառության՝ հայ գնդակահարելու կամ խափանարարության (դիվերսիայի) համար: Այս հարցի պատասխանը «ԱԱԾ» կոչվածում կիմանան, բայց դժվար է ակնկալել, որ անձնական վրիժառության շարժառիթով ապօրինի սահմանահատման և հայ կնոջ վրա կրակելու վարկածի հաստատման դեպքում, վերոնշյալ ծառայությունը կհրապարակի ճշմարտությունը: Չէ՞ որ դա Նիկոլին ձեռնտու չի լինի…

Եթե ադրբեջանցի զինծառայողը մոլորվել էր, պատահականորեն հատել Հայաստանի սահմանը, ապա ելքի ճանապարհ փնտրելու և հեռանալու փոխարեն, ինչո՞ւ է մտել Շաքի, նշված գյուղի բնակիչ Անի Ավետիսյանի տուն, իսկ նկատվելուց հետո ինքնաձիգից կրակել անմեղ կնոջ վրա վերջինիս երեք անչափահաս երեխաների ներկայությամբ, հետո էլ ձեռքի հատվածում մարմնական վնասվածք պատճառել  արդեն արնաթաթախ կնոջ եղբորը՝ Սարիբեկ Ավետիսյանին: Բացի Անի Ավետիսյանից, մարմնական վնասվածք են ստացել նաև նրա երկու երեխաները: Նրանք տեղափոխվել են Երևան, բժշկական կենտրոն։

Ի՞նչ է՝ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը չգիտե՞ր Նիկոլ- Ալիև եղբայրության, այդ «խաղաղության աղավնիների» ջանքերով Հայաստանի և Ադրբեջանի միջև սկիզբ առած քիրվայության մասին, որի պայմաններում Հայաստանում թե ոստիկանությունը, թե «ԱԱԾ» կոչվածը, թե բանակը նույնիսկ մատով չէին դիպչելու իրեն, հակառակը՝ կերցնելու-խմցնելու էին ու սաղ-սալամաթ հանձնելու իր ծառայության վայրի կամ երկրի ներկայացուցիչներին: Եվ քանի որ գիտեր, ինչո՞ւ է վարվել այդպես…

Լավ, համարենք նույնիսկ, թե ադրբեջանցի զինծառայողն իսկապես մոլորվել էր ու պատահականորեն հատել սահմանը: Իսկ եթե մեկի փոխարեն, մի քանիսը գան և ոչ պատահականորեն, ի՞նչ է լինելու…

«Այ որ էդ ադրբեջանցուց 300,000 հատ գան, Արցախի հայության վիճակն ու Արցախի ղադրը նոր կհասկանանք…»,- կատարվածի առիթով ֆեյսբուքյան իր էջում գրել է  Վահե Սարգսյանը:

«Ինչպե՞ս է ադրբեջանցին կարողացել հատել Հայաստանի սահմանը և հասնել բնակավայր,- գրել է (https://livenews.am/2026/427191/01/21/21/ ) «Ազգային ժողով» կոչվածի նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:- Ինչպե՞ս է օրեր շարունակ անխոչընդոտ հաստատվել Սյունիքում։

Հիշեցնեմ, որ 2023 թվականի ապրիլի 12-ին Հայաստան ներթափանցած ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը սպանել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակ Հայրապետ Մելիքսեթյանին:

Հիշեցնեմ նաև, որ ՔՊ-ական պատգամավորը օրերս հայտարարեց․ «կրակոցի դեպքում մի սպասեք մեր պատասխան կրակոցին»։

Այսպիսի հայտարարություններով դուք անցաթուղթ եք տրամադրում ադբեջանցիներին՝ կրակելու մեր քաղաքացիների, անզեն կանանց վրա։

Անարժանապատվությունն էլ ունի չափ ու սահման։ Դուք և խաղաղությունը հակոտնյա եք։ Դուք կհիշվեք որպես Հայրենիքի դարպասները թշնամու առաջ բացողներ և մեր հերոս տղաների հիշատակը պղծողներ»։

Սա է Նիկոլ հայադավի քարոզած և ապահոված «խաղաղությունը», նրա հայտարարած «խաղաղության դարաշրջանը», իսկ Նիկոլի ընկերոջ՝ Սուրեն Պապիկյանի ղեկավարած բանակում գողական բարքեր են  ու բարդակային վիճակ: Ըստ երեկ «B24news»-ի հրապարակված ահազանգի, Սիսիանի զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Գ. Սիմոնյանը խարդախությամբ գումարներ է շորթում է մարդկանցից:

Ըստ տեղի բնակչի, արդեն մեկ ամիս է, գրավոր հայտնել են պաշտպան նախարար Սուրեն Պապիկյանին, բայց արձագանք չկա, «ոչ մի քայլ չի ձեռնարկել բանակի բարքերին արդեն ընտելացող նախարարը։

Անգամ ՊՆ-ից չեն փորձել կապի դուրս գալ Սիսիանի բնակչի հետ ու չեն փորձել պարզել եղելությունը, իրենց չի հետաքրքրել ենթակայի շուրջ աղմկահարույց դեպքերի կծիկը, որ արդեն շարքային քաղաքացիների հետ է առնչվում»։

«Ազգային ժողով» կոչվածի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն այսօր ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում, մասնավորապես ասել է.

«Հարգելի՛ նախագահ, սիրելի՛ գործընկերներ, այսօր ես ցանկանում էի խոսել առողջապահական խնդիրների մասին, սակայն տեղի ունեցած ցնցող դեպքը ստիպում է խոսել դրա մասին։ Ուղիղ 24 ժամ առաջ Հայաստանում սարսափելի դեպք է տեղի ունեցել։

Ադրբեջանցի զինված զինծառայողը հատել է Հայաստանի սահմանը, ներխուժել հայի տուն, ընտանիք և երեք երեխաների աչքի առաջ կրակել մոր վրա։ Սա վերջին շրջանում արդեն երկրորդ դեպքն է, երբ հայ խաղաղ բնակիչները հարձակման են ենթարկվում հարևան երկրի զինծառայողների կողմից։ Գիտե՞ք, թե ինչու են նրանք այդքան վստահ։ Պատժի բացակայության պատճառով։

Միջազգային դատարաններն ու կառույցները, որոնք պետք է պատասխանատվության ենթարկեին Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտման պատասխանատուներին, որևէ գործուն քայլ չձեռնարկեցին։ Մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա՝ Հունգարիայում, ադրբեջանցի զինծառայողը ՆԱՏՕ-ի ուսումնական ծրագրի ընթացքում կացնով սպանեց քնած հայ զինվորին, սակայն նա արտահանձնվեց Ադրբեջանին։ Մարդասպանը նույնիսկ մեկ օր չանցկացրեց ադրբեջանական բանտում։ Փոխարենը` Ադրբեջանի նախագահը նրան դիմավորեց, «Ազգային հերոսի» կոչում շնորհեց և թույլ տվեց ազատ շրջել Բաքվի փողոցներում։

Վերադարձնելով նրան Ադրբեջանին՝ ԵՄ անդամ պետությունը, թեկուզ ակամայից, կանաչ լույս վառեց նման վտանգավոր վարքագծի համար։ Եվ հիմա մենք տեսնում ենք նույն շրջապտույտի կրկնությունը․ ադրբեջանցի զինծառայողները մուտք են գործում Հայաստան, հարձակվում խաղաղ բնակիչների վրա, իսկ Ադրբեջան վերադարձվելու դեպքում նրանց ընդունում են որպես հերոսների։ Այս վտանգավոր շրջապտույտը պետք է ավարտվի։

Եվրոպական հանրությունը չի կարող պարզապես դիտորդ մնալ։ Բռնություն գործադրողները երբեք չպետք է փառաբանվեն։ Խաղաղ հայ քաղաքացիների կյանքը պետք է առաջնահերթություն լինի։ Ո՛չ արտահանձնմանը, եթե արդարադատությունը երաշխավորված չէ։ Այո՛ միջազգային արդարադատությանը»։

Թեև հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցու նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ՝ մի քանի հոդվածներով, նա կալանավորվել է, բայց բնավ չզարմանանք, եթե Նիկոլը մի որոշ ժամանակ հետո նրան արտահանձնի Ադրբեջանին, ինչպես նախկինում է վարվել ադրբեջանցի այլ և առավել վտանգավոր հանցագործների պարագայում:

«Այս դեպքը պետք է դիտարկել նաև նախորդ նախադեպերի համատեքստում,- ֆեյսբուքյան իր էջում գրել է  ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:- 2019 թվականին Հայաստանի իշխանությունները ԿԽՄԿ-ի աջակցությամբ Ադրբեջանին վերադարձրեցին Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի քաղաքացի Էլվին Իբրահիմովին՝ այդ քայլը պաշտոնապես բնորոշելով որպես «հումանիտար քայլ»։

2023 թվականին Ադրբեջանին վերադարձվեց նաև Հուսեյն Ախունդովը, որը Հայաստանում սպանել էր 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին և դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման։

Այսօր պետք է բացառել նման նախադեպի կրկնությունը։

ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը չի կարող ավարտվել հանցագործին «մարդասիրական» պատճառաբանությամբ վերադարձնելով Ադրբեջանին։

Այս դեպքը պետք է քննվի օրենքի ողջ խստությամբ, իսկ մեղավոր ճանաչվելու դեպքում՝ հանցագործը պետք է կրի օրենքով նախատեսված պատիժը»։

Անդրադառնալով ոտքից վիրավորված 39-ամյա Անի Ավետիսյանի վիճակին, նշենք, որ նա շատ արյուն է կորցրել, ստիպված են եղել արյան պաշար հասցնել Գորիսի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից, վիրահատել են և արդեն տեղափոխել Երևան:

Դեպքի վերաբերյալ լրագրողներին, «Սպուտիկ Արմենիա»-ի տեղեկացմամբ , մանրամասներ է պատմել Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ քույրը` Արփի Ավետիսյանը.

«Ադրբեջանցին կոտրել պատուհանը և կողպեքը մտել տուն, թափրտել խոհանոցը, հետո էլ ներս մտած երեխաներից հեռախոսները վերցրել է: Քույրս Սիսիանում է եղել, էրեխեքից մեկն է հեռախոսը մոտը միացրած պահել, ձայները լսել է ու անմիջապես գնացել Շաքի: Հարևանի պատի վրայով է թռել ու անցել, էրեխեքն էլ բղավել են, որ մայրը չմոտենա, քանի որ զինված է եղել»:

Նրա խոսքով` բացի ազդրի հատվածում վիրավորում ստանալուց իր քրոջ 3 մատերն այս պահին չկան, որովհետև ադրբեջանցին էրեխու վրա է պահել զենքը, որ խփի, մայրը ձեռքով պաշտպանել է։ «Այդ պահին պատրոնները վերջացել են, ուզել է կրկին լիցքավորել, հենց այդ պահին քույրս դանակով խփել է գլխին, կրծքավանդակին ու ուշագնաց է եղել: Երեխան բռունցքով հարվածել է նրա գլխին, կոտրվել են մատերը, դրանցից մեկը գիշերը վիրահատել են: Այս պահին երեխան Սիսիանում է, նրա մոտ հայրն է»։

 

Արթուր Հովհաննիսյան