«Թքի նախագիծը»՝ իրավական խնդիրների փունջ
Կառավարությունն առաջարկում է նոր օրենսդրական փոփոխություն «Ոստիկանության մասին» օրենքի 21-րդ հոդվածում․ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետը և նոր խմբագրությամբ շարադրել 7-րդ կետը։
Նոր ձևակերպմամբ ոստիկանության ծառայողն իրավունք է ստանում Կառավարության որոշմամբ սահմանված կարգով, տեխնիկական միջոցով իրականացնել սթափության վիճակի զննություն՝ արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի կամ թքի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակության միջոցով, եթե ստուգման արդյունքն անհրաժեշտ է վարչական իրավախախտման փաստն արձանագրելու համար։
«Հիմա վարորդին ոչ միայն «փչիր», այլ նաև՝ «թքի՞ր» են ասելու»,- օրենսդրական այս փոփոխության մասին իր տարակուսանքն է հայտնել փաստաբան Աննա Ծառուկյանը։
«Բայց իրավական հարցը սա չէ՝ մարդը թքե՞ց, թե՞ չթքեց։
Հարցն այն է՝ մի կաթիլ թքի հիման վրա ո՞նց ենք հասնելու մարդու երկու տարվա վարորդական իրավունքից զրկելուն։
Թքի մեջ նյութի հայտնաբերումն արդյո՞ք հավասար է տվյալ պահին թմրամիջոցի ազդեցության տակ լինելուն։
Իսկ եթե սարքը սխալվե՞ց։
Ո՞վ է երաշխավորում սարքի ճշգրտությունը։
Ո՞վ է ստուգում սարքը։
Որտե՞ղ է հակաստուգումը։
Ո՞վ է պահում նմուշը։
Ի՞նչ է լինում, եթե թեստն ու բժշկական փորձաքննությունը հակասում են։
Ու ամենահետաքրքիրը․ եթե թեստից հրաժարվես՝ երկու տարի զրկվում ես իրավունքից։
Այսինքն՝ դեռ չապացուցված «թմրամիջոցի ազդեցությունը» մի կողմ, չթքելն էլ կարող է երկու տարի արժենալ։
Իրավական պետությունում սկզբունքը պիտի լինի պարզ` սարքը կարող է հայտնաբերել, բայց պատժում է ոչ թե սարքը, այլ օրենքը՝ ապացուցված իրավախախտման համար։
Հակառակ դեպքում մենք ոչ թե սթափության ստուգման համակարգ ենք կառուցում, այլ՝ «Թքի՛ր, հետո կապացուցենք» իրավական մոդել։
Թքելն էլ դարձավ վարչական վարույթի ապացույց։ Մնում է միայն կառավարության որոշմամբ սահմանել՝ ինչ խորությամբ, ինչ արագությամբ և ինչ իրավական հետևանքով պետք է թքել։
ԽԻՍՏ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՍ և ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՍ»,- ընդգծել է փաստաբանը։

