Օսմանյան կայսրության ստեղծած համակենտրոնացման ճամբարների մասին գիրք է հրատարակվել

Լույս է տեսել Հայոց ցեղասպանության ժամանակ օսմանյան իշխանությունների ստեղծած համակենտրոնացման ճամբարների համակարգին նվիրված 500-էջանոց գիտական ժողովածու։ Այս մասին տեղեկացրել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ի նախկին տնօրեն Էդիտա Գզոյանը Բեդրոս Դեր-Մաթոսյանը։

«Լույս է ընծայվել Հայոց ցեղասպանության համակենտրոնացման ճամբարներին նվիրված հիմնարար աշխատություն՝ Տեր-Մաթոսյանի և Գզոյանի խմբագրությամբ

ԼՈՆԴՈՆ/ՆՅՈՒ ՅՈՐՔ — «Բլումսբերի» հրատարակչությունը լույս է ընծայել «Հայոց ցեղասպանության համակենտրոնացման ճամբարները» («The Concentration Camps of the Armenian Genocide») ժողովածուն՝ պրոֆեսոր Բեդրոս Դեր-Մաթոսյանի և դոկտոր Էդիտա Գզոյանի խմբագրությամբ, 500 էջ ծավալով։ Գիրքը հրատարակվել է «Հայերը արդի և վաղ արդի աշխարհում» («Armenians in the Modern and Early Modern World») մատենաշարի շրջանակում, որի խմբագիրն է Նեբրասկա–Լինքոլնի համալսարանի պրոֆեսոր Բեդրոս Դեր-Մաթոսյանը։

Չնայած վերջին տասնամյակներին Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների զգալի առաջընթացին՝ օսմանյան իշխանությունների ստեղծած համակենտրոնացման ճամբարների համակարգը, հատկապես ներկայիս Սիրիայի տարածքում, մինչ օրս բավարար չափով ուսումնասիրված չէ։ Սա առաջին ժողովածուն է, որն այդ ճամբարների համակողմանի և խորքային ուսումնասիրություն է։ Հատորի գլուխները ներկայացնում են ճամբարային համակարգի ձևավորումն ու զարգացումը և փաստագրում Դեյր-էզ-Զորում, Ռաս-ուլ-Այնում, Մեսքենեում և այլ վայրերում կատարված ոճրագործությունները։

Ժողովածուն ներառում է քսանմեկ գլուխ՝ Հայաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Միացյալ Նահանգներից, Միացյալ Թագավորությունից, Լիբանանից և Ավստրալիայից պատմաբանների ու հասարակագետների հեղինակությամբ՝ համադրելով տարբեր գիտակարգային և աշխարհագրական դիտանկյուններ։ Հատուկ տեղ է հատկացված նաև վերապրողների վկայություններին։ Նրանց հուշագրություններն ու օրագրերը փաստագրում են տեղահանության ճանապարհին և ճամբարներում կուտակած փորձառությունը։ Ժողովածուի միջգիտակարգային ընդգրկումը հարստացնում են նաև ճամբարների և մարդասիրական առաքելությունների հետ առնչված հայ և օտարազգի անձանց նվիրված գրական անդրադարձներն ու կենսագրական ուսումնասիրությունները։

Հեղինակներն անդրադառնում են տեղահանվածների փորձառությանը տեղահանության ճանապարհներին, տարանցիկ և համակենտրոնացման ճամբարներում, ճամբարների աշխարհագրությանը և տարածական կազմակերպմանը, առօրյա կյանքի դաժան պայմաններին, մարդասիրական օգնության բաշխմանն ու ինքնօգնության մեխանիզմների ձևավորմանը, տեղահանվածների և տեղի բնակչության փոխհարաբերություններին, բարոյական ու ֆիզիկական դիմադրության դրսևորումներին, ինչպես նաև երեխաների փորձառությանը։ Հատորում քննության են առնվում նաև ճամբարներին վերաբերող օսմանյան օրենքները, հրամանագրերն ու վարչական գործելակերպը։ Հայոց ցեղասպանության օրինակը միաժամանակ դիտարկվում է համակենտրոնացման ճամբարների և ցեղասպանությունների համեմատական պատմության ավելի լայն համատեքստում։

Ծրագիրն իրականացվել է Ֆրիդմանի հիմնադրամի, Հայմեն Ռոզենբերգի անվան պրոֆեսորական ծրագրի և Նեբրասկա–Լինքոլնի համալսարանի պատմության ամբիոնի առատաձեռն աջակցությամբ։

«Սա մեր իրականացրած ամենաբարդ և աշխատատար նախագծերից մեկն է,– նշել են Դեր-Մաթոսյանն ու Գզոյանը։– Ժողովածուի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն համախմբում է ինչպես ճանաչված մասնագետների, այնպես էլ երիտասարդ գիտնականների, այդ թվում՝ Հայաստանում աշխատող զգալի թվով հետազոտողների։ Երեք տարվա ընթացքում մենք եռանդագին աշխատել ենք հեղինակների հետ՝ յուրաքանչյուր գլխի գիտական բարձր որակն ու պատմական ճշգրտությունն ապահովելու համար։ Այս ճամբարներում հայերի կրած տառապանքների և նրանց նկատմամբ գործադրված բռնությունների մասին վկայություններին բազմիցս անդրադառնալը ծանր էր, սակայն միաժամանակ ամրապնդում էր ցեղասպանության այս՝ մինչ այժմ բավարար չափով չուսումնասիրված կողմը փաստագրելու մեր հանձնառությունը»։

«Մենք այս գիրքը համարում ենք վերջին տարիներին Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների ոլորտում լույս տեսած կարևորագույն աշխատություններից մեկը։ Հուսով ենք, որ այն նշանակալի ներդրում կունենա Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների զարգացման գործում և կխթանի համակենտրոնացման ճամբարների համակարգի, ինչպես նաև այն շրջանի հետագա ուսումնասիրությունը, որը հաճախ բնորոշվում է որպես ցեղասպանության երկրորդ փուլ»,– շարունակել են նրանք։

Գրախոսական արձագանքներ

«Հայոց ցեղասպանության ուսումնասիրություններում համակենտրոնացման ճամբարների թեման երկար ժամանակ շրջանցվել կամ անտեսվել է։ Ուստի այս գիրքը նոր դիտանկյուն է առաջարկում 1915-1916 թթ. սարսափները հասկանալու համար։ Այն ժամանակաշրջանը, որը հայտնի է դարձել որպես ցեղասպանության երկրորդ փուլ՝ մոտավորապես 1915 թվականից հետո, երբ հայ զոհերի մեծ մասն արդեն տեղահանվել էր Սիրիայի անապատային շրջաններ և պահվում էր ճամբարներում, նախկինում երբևէ այսպիսի խորությամբ չի ուսումնասիրվել։ Որպես Հայոց ցեղասպանության մասին գրքի հեղինակ՝ այս ժողովածուից հսկայական նոր գիտելիքներ ստացա և վշտացա ոչ միայն այս հրաշալի հոդվածներում ներկայացված ողբերգական պատմություններից, այլև այն մտքից, որ 2015 թվականին իմ գիրքը գրելիս այս աշխատությունը դեռևս հասանելի չէր ինձ»։

Ռոնալդ Գրիգոր Սյունի

Միչիգանի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, ԱՄՆ

«Այս ժողովածուն իսկական «tour de force» է։ Արխիվային խորքային հետազոտությունների և եզակի բանավոր պատմությունների միջոցով այն ոչ միայն փաստական նոր բացահայտումներ է ներկայացնում, այլև ձևավորում է վերլուծական նոր տեսանկյուններ՝ Հայոց ցեղասպանության համակենտրոնացման ճամբարների ծանր թեման դիտարկելով համեմատական հեռանկարում»։

Ուղուր Ումիթ Ունգյոր

Ամստերդամի համալսարանի և Նիդեռլանդների պատերազմի, Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրությունների NIOD ինստիտուտի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրությունների պրոֆեսոր

Պրոֆեսոր Բեդրոս Դեր-Մաթոսյանը Նեբրասկա–Լինքոլնի համալսարանի արդի համաշխարհային պատմության Էլվուդ Ն. և Քեթրին Թոմփսոնների անվան պրոֆեսոր է։ Նա Գուգենհայմի կրթաթոշակառու է, ինը գրքի հեղինակ, խմբագիր կամ համախմբագիր, այդ թվում՝ «Shattered Truths: Denial of Genocides in the Digital Age» աշխատության, որը նախատեսվում է լույս ընծայել Նեբրասկայի համալսարանի հրատարակչությունում 2026 թ. ուշ աշնանը։ Նա նաև Զորյան ինստիտուտի ցեղասպանության հետազոտությունների գծով տնօրենն է։

Դոկտոր Էդիտա Գզոյանը դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ)։ Ցեղասպանագետ է և ուսումնասիրում է Հայոց ցեղասպանության իրավական ու պատմական հիմնախնդիրները։ Նա «Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների միջազգային հանդեսի» («International Journal of Armenian Genocide Studies» — IJAGS) գլխավոր խմբագիրն է։ Նաև գիտական աշխատությունների խմբագիր է, այդ թվում՝ «Լռեցված հանցագործությունը. երեխաների բռնի փոխանցումը Հայոց ցեղասպանության ընթացքում» («The Silenced Crime: Forcible Child Transfer During the Armenian Genocide», Brill, 2025) ժողովածուի։ Գիտական հետաքրքրությունների շրջանակում են գենդերային բռնությունը, երեխաների բռնի փոխանցումը և միջազգային քրեական իրավունքը»,- նշված է Էդիտա Գզոյանի ֆեյսբուքյան էջում։