«Վեոլիա Ջուր»-ը հերքում է խմելու ջրի որակի վերաբերյալ պնդումները
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն արձագանքել է վերջին օրերին խմելու ջրի որակի վերաբերյալ հանրային տիրույթում և սոցիալական հարթակներում տարածվող գնահատականներին՝ հայտարարելով, որ դրանք հիմնված չեն մասնագիտական եզրակացությունների կամ պաշտոնական տվյալների վրա։
Ընկերության հայտնում է, որ սպառողներին մատակարարվող խմելու ջուրը գտնվում է շուրջօրյա և շարունակական վերահսկողության ներքո։
«Խմելու ջրի որակի նկատմամբ վերահսկողություն իրականացնում է ոչ միայն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն։ Օրենքով սահմանված կարգով, այն մշտապես վերահսկվում է նաև պետական իրավասու մարմինների կողմից, որոնք իրականացնում են անկախ վերահսկողություն և արձանագրում են ցանկացած խախտում։ Հետևաբար, եթե խմելու ջրի որակի հետ կապված առկա լինեին առողջության համար վտանգ ներկայացնող շեղումներ կամ գործող նորմերի խախտումներ, դրանք անպայման կարձանագրվեին պետական վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից և կդառնային հանրային իրազեկման առարկա»,-նշված է հայտարարության մեջ։
Ընկերությունից նշում են, որ եթե առկա լինեին առողջության համար վտանգ ներկայացնող շեղումներ կամ գործող նորմերի խախտումներ, դրանք կարձանագրվեին և կհրապարակվեին իրավասու մարմինների կողմից։
Անդրադառնալով ջրի կոշտության թեմային՝ ընկերությունից հայտնում են, որ այն խմելու ջրի անվտանգության ցուցանիշ չէ և առողջության համար վտանգ ներկայացնող գործոն չի համարվում։
«Ջրի կոշտությունը պայմանավորված է միայն տվյալ ջրաղբյուրի երկրաբանական առանձնահատկություններով։ Իսկ քանի որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն տարբեր տարածաշրջաններում իր սպառողների ջրամատակարարումն իրականացնում է տարբեր ջրաղբյուրներից, հետևաբար ջրի առանձին ֆիզիկաքիմիական ցուցանիշները, այդ թվում՝ կոշտությունը, կարող են տարբեր լինել՝ պայմանավորված բացառապես աղբյուրների բնական առանձնահատկություններով։ Հատկանշական է նաև, որ 2027 թվականից ուժի մեջ մտնող նոր կարգավորումները ևս արտացոլում են ջրի կոշտության նկատմամբ կիրառվող մոտեցումների փոփոխությունը՝ այն չդիտարկելով որպես հանրային առողջության ռիսկ բնութագրող ցուցանիշ»,-տեղեկացնում են ընկերությունից:
Ընկերությունը նաև հիշեցնում է, որ 2027 թվականից ուժի մեջ մտնող նոր կարգավորումների համաձայն՝ ջրի կոշտությունն այլևս չի դիտարկվելու որպես հանրային առողջության ռիսկ բնութագրող ցուցանիշ։
««Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պատասխանատվությամբ հայտարարում է, որ սպառողներին մատակարարվող խմելու ջուրը գտնվում է շարունակական վերահսկողության ներքո և համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ պահանջներին։
Միաժամանակ կոչ ենք անում լրատվամիջոցներին, սոցիալական հարթակների օգտատերերին և բոլոր շահագրգիռ կողմերին զերծ մնալ ընկերության գործունեության վերաբերյալ չստուգված, մասնագիտական եզրակացություններով չհիմնավորված և ընկերության նկատմամբ ուղղորդված բնույթ կրող տեղեկությունների տարածումից։ Հանրային առողջությանը վերաբերող ցանկացած տեղեկատվություն պետք է հիմնված լինի բացառապես փաստերի, լաբորատոր հետազոտությունների արդյունքների և իրավասու մարմինների պաշտոնական գնահատականների վրա»,-ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

